Ռոբերտ Քոչարյանը կա՛մ ընդհանրապես պատմություն չգիտի, այդ թվում` Հայաստանի նորագույն պատմություն, ինչը քիչ հավանական է, կա՛մ դիմում է բացահայտ կեղծիքի` փորձելով մոլորեցնել հայ հասարակությանը: Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանին հաղթել ընտրությունների միջոցով, Քոչարյանը շատ ուղիղ պատասխանում է. «Այո, ես համարում եմ, որ կարելի է ընտրությունների ճանապարհով հաղթել»: Հետո փորձում է բացատրել, թե ինչու է հնարավոր, բայց չի բացատրում, թե ինչպես է հնարավոր: «Դուք մտածում եք, որ աշխարհում ընդհանրապես գոյություն ունի մի անձնավորություն, որն անհաղթելի է ընտրությունների ճանապարհով, ես չեմ համարում, սա ռացիոնալ բացատրություն չի` ներկա իրավիճակի: Իհարկե, հնարավոր է հաղթել, եւ յուրաքանչյուրն այսօր կարող է մի վարկանիշ ունենալ, վաղը` մեկ ուրիշ: Այո, ես համարում եմ, որ կարելի է ընտրությունների ճանապարհով հաղթել: Եթե ես ասեմ՝ հնարավոր չի, այստեղ ի՞նչ եմ անում: Սաղ հանձնվեն, ձեռքները բարձրացնեն, ասեն` Նիկոլ Փաշինյանն անհաղթելի առաջնորդ է: Չկա բնության մեջ այդպիսի բան: Այդ թեզը վտանգավոր թեզ է, որովհետեւ հուսահատություն է ներշնչում մարդկանց մոտ»:
Քոչարյանն ասում է, թե անհաղթելի առաջնորդներ բնության մեջ չկան, չկան մարդիկ, որոնց հնարավոր չէ հաղթել ընտրություններում: Կարող ենք բերել բազմաթիվ օրինակներ, երբ մարդկանց հնարավոր չի եղել հաղթել ընտրություններով, եւ նրանց հեռացրել են այլ ճանապարհով: Օրինակ, Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին, որը փաստացի Իրաքը ղեկավարում էր 1976 թվականից կամ մի քիչ էլ դրանից առաջ, հնարավոր չեղավ ընտրություններով հաղթել, եւ եթե չլինեին 2003 թվականին ԱՄՆ զորքերի ներխուժումն Իրաք եւ նրա կալանավորումը, Հուսեյնը կղեկավարեր մինչեւ կյանքի վերջը: 1995 թվականին տեղի ունեցած ընտրություններում Սադամ Հուսեյնը ստացավ ձայների 99,6 տոկոսը, իսկ յոթ տարի անց՝ 2002 թվականին, արդեն 100 տոկոսը: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը երկիրը ղեկավարել է 30 տարի՝ 1981-2011 թվականները, եւ չորս անգամ 6 տարով ընտրվել է երկրի ղեկավար: Վերջին անգամ՝ 2005 թվականին, նա ընտրվել է 88,57 տոկոսով: Չլինեին Եգիպտոսում սկսված համաժողովրդական ցույցերը եւ ընդվզումները, Մուբարաքին ընտրություններով հնարավոր չէր լինի հեռացնել իշխանությունից: Արդյոք հնարավո՞ր է իշխանությունից ընտրություններով հեռացնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որն այդ երկիրը ղեկավարում է 1999 թվականից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որն այդ երկիրը ղեկավարում է 2000 թվականից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որը նախագահում է 2003 թվականից: Վերը նշված անձինք պարտաճանաչորեն մրցակցային ընտրություններ են կազմակերպում եւ վերընտրվում են: Այդ երկրներում որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ նրանց կարելի է ընտրություններով հեռացնել իշխանությունից: Հիմա ասեք` բնության մեջ կա՞ նման բան, թե՞ չկա: Այսպիսի օրինակները տասնյակներով են:
Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է ընտրություններով հեռացնել իշխանությունից, նա Փաշինյանին հռչակում է ժողովրդավարական ղեկավար, իսկ Հայաստանը՝ ժողովրդավարական կառավարում ունեցող երկիր: Ավելի մեծ գովասանք Փաշինյանին եւ նրա իշխանության՝ը հնարավոր չէ անգամ պատկերացնել: Փաշինյանն ինքն է փորձում իրեն ներկայացնել այդպիսին, մինչդեռ իրականությունն այն է, որ նա բացարձակ բռնապետ է. չի ուզում զիջել նույնիսկ մի քաղաքապետի կամ գյուղապետի պաշտոն, ուր մնաց՝ երկրի վարչապետի պաշտոնը: Նա դեռ Սադամ Հուսեյն չէ, որ երկիրն ամբողջովին զարդարի իր նկարներով, բայց դրա փոխարեն արդեն ունի իր արձանը, եւ ամեն տարի երկրում միլիոնավոր դրամներ են ծախսվում նրա անիմաստ եւ հիմար ասացվածքները գովազդային վահանակների միջոցով տարածելու վրա: Քոչարյանը հաստատ գիտի, որ ընտրությունների միջոցով հնարավոր չեղավ վերցնել Գյումրու, Վանաձորի, Ալավերդու կամ Երեւանի քաղաքապետերի պաշտոնները, Փաշինյանն ամեն անգամ մի հնարք բանեցրեց՝ համաժողովրդական քվեարկության արդյունքը չեղարկելու եւ իր դրածոներին քաղաքապետ կարգելու համար:
Այդ դեպքում ինչո՞ւ է նա նման բան ասում: Նրա արդարացումն այն է, որ եթե ինքն ասի, որ ընտրություններով հնարավոր չէ Փաշինյանին հեռացնել, դրանով հուսահատության կմատնի հասարակությանը: Բայց ի՞նչ իմաստ ունի անիմաստ հույս տալ հասարակությանը, նրանց ասել` գնացեք ընտրությունների, որ փոխենք իշխանությունը, որ «կռելու ենք», իսկ ամեն ընտրությունից հետո հուսախաբ անել, ինչպես դա եղավ, օրինակ, 2021 թվականին: Սրա միակ բացատրությունն այն է, որ Քոչարյանը բավարարված է 2021 թվականի ընտրության արդյունքներով, երբ իր ղեկավարած խմբակցությունը դարձավ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժը, եւ ուզում է նույնը կրկնել նաեւ 2026 թվականին, կամ` եթե արտահերթ ընտրություններ լինեն, ապա՝ դրանց ժամանակ:
Ընտրություններով իշխանության փոփոխելիության մասին խոսելիս պետք է հիշել մի ակնհայտ փաստ եւս. 1990 թվականից, երբ Հայաստանում իշխանության ղեկավարի ընտրությունը դարձել է չակերտավոր ընտրովի, մինչ այդ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարներն էին երկրի փաստացի ղեկավարը, որեւէ անգամ ընտրության միջոցով երկրի ղեկավարի փոփոխություն տեղի չի ունեցել: 1990 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը ԳԽ նախագահ է ընտրվել` չունենալով խորհրդարանական բացարձակ մեծամասնություն, կոմունիստ պատգամավորների մի մասը սպառնալիքի եւ տարբեր խոստումների դիմաց անցել է ՀՀՇ-ի կողմը, 1991 թվականին Տեր-Պետրոսյանը նախագահ է ընտրվել` փաստացի լինելով իշխանության ղեկավար, նույնը՝ 1996 թվականին, Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է Կարեն Դեմիրճյանին` զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, 2003 թվականին նա Ստեփան Դեմիրճյանին հաղթեց` լինելով նախագահ, 2008 թվականին Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում հաղթեց Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, իսկ 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանին հաղթեց նախագահի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանն իշխանությունը բռնազավթեց հակասահմանադրական հեղաշրջման միջոցով, իսկ հաջորդող 2018 եւ 2021 թվականներին նա արդեն վարչապետ էր: Բոլոր այս դեպքերում հաղթանակը եղել է շատ հարաբերական, իրականում հասարակության մեծ մասը համարել է, որ ընտրությունների արդյունքներն այս կամ այն չափով կեղծվել են: Ընդ որում, դրանք ամենաշատը կեղծվել են հենց Քոչարյանի օրոք՝ 1998-ին եւ 2003-ին: Եվ այսքանից հետո նա ուզում է հասարակությանը համոզել, թե ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել:
Սա չի նշանակում, որ Փաշինյանին հնարավոր չէ հեռացնել, կամ նրա իշխանությունը հավերժ է, ուղղակի նրա հեռացումը չի կարելի կապել ընտրությունների հետ: Ընդհակառակը՝ ընտրությունները Փաշինյանի համար ամենահեշտ միջոցն են՝ իր վերարտադրությունը ձեւակերպելու եւ օրինական տեսք տալու համար:
Նյութի աղբյուր՝ Hraparak.am