Այս պահին բողոքներ չունենք, որ հայկական ապրանքները Ռուսաստանի Դաշնությունում խոչընդոտների են հանդիպում, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ նոր երևույթ չէ, որ ՌԴ-ում հայկական ապրանքները որոշակի խնդիրներ են ունենում, երբ Լարսի անցակետն անցնելու ժամանակ ի հայտ են գալիս ֆիտոսանիտարական հարցեր: Էդուարդ Հակոբյանի գնահատմամբ, ռուսական կողմից պարբերաբար ուժեղացված խստացումները բնականոն գործընթաց է:
ՊԵԿ նախագահը չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք այս ամենը Պուտին-Փաշինյան կոշտ խոսակցությամբ պայմանավորված՝ քաղաքական ենթատեքստ ունի, թե ո՞չ։
Էդուարդ Հակոբյանի հորդորը հայ տնտեսվարողներին է ուղղված:
«Ես հորդորում եմ մեր հարկ վճարողներին և բիզնեսմեններին կանոններին հետևել,կանոններին հետևելը հնարավորություն է տալիս պետությանը ցանկացած իրավիճակում կանգնել իրենց մեջքին: Երբ իրավիճակ է լինում, որ բիզնեսմենն է մեղավոր լինում այդ կանոններին չհետևելու առումով, այդ դեպքում մեզ համար շատ դժվար է լինում բանակցել մեր գործընկերների հետ»,- պարզաբանեց պաշտոնյան:
Նշենք, որ ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի տելեգրամյան էջում ասվում է, որ Ռուսաստանում «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղյալ է հայտարարվել` «կեղծված արտադրանք» ճանաչվելու պատճառով։





