Ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցումը ռուսական ուժերի կողմից և ռուս պաշտոնյաների արձագանքը դեպքին մեծ հիասթափություն ու դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական ինքնաթիռի խոցումից հետո կվերանայվե՞ն Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Ալիևը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Ադրբեջանը «պատահաբար խոցել է ռուսական ուղղաթիռ և անմիջապես փոխհատուցում տվել զոհվածների ընտանիքներին և ՊՆ-ին»: «Մենք հետաքննություն սկսեցինք, և ողբերգական սխալը թույլ տված անձինք ենթարկվեցին պատասխանատվության: Նմանատիպ ոչ մի բան մենք չտեսանք Ռուսաստանի կողմից»,- ասել է Ալիևը և հավելել, որ իրենք ակնկալում էին նման վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ, «քանզի երկու երկրները միմյանց անվանում են բարեկամներ: Իսկ նրանք մինչև հիմա չեն ասում, թե ինչ էր պատահել»:
Այնուհետև Ալիևն անդրադարձել է Ռուսաստանում ադրբեջանցիների վրա տեղի ունեցած, նրա խոսքով, անհիմն հարձակումներին. «Նույնիսկ եթե նրանք, ինչպես ասում են, հանցագործություն են կատարել 20 տարի առաջ, բայց նրանք մարդիկ են: Նրանց հետ չի կարելի այդպես վարվել: Սա ինչ վերաբերմունք է: Նրանց թվում էին Ադրբեջանի քաղաքացիներ և ադրբեջանական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիներ: Դա աննախադեպ ակտ էր ընդդեմ մեր ժողովրդի: Հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը մենք չենք կրում: Մենք պատասխանում ենք կառուցողական և օրինական, բայց մենք երբեք չենք հանդուրժի ագրեսիա կամ մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունք»:
Հարցին՝ մտավախություն չունե՞ք տարածաշրջանում Ռուսաստանի քայլերից, որոնք կարող են կանգնեցնել այն, ինչ փորձում է անել Ադրբեջանը, Ալիևը պատասխանել է, որ ՌԴ-ն «Հայաստանում ունի ռազմական բազա մի քանի հազար զինծառայողներով: Միաժամանակ Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները պահպանվում են ռուս սահմանապահներով: Ադրբեջանի տարածքում չկա ոչ մի ռուս զինվոր: Ես չգիտեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում: Բայց չեմ ուզում մտածել այդպիսի բացասական ելքի մասին»: