Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի արբիտրաժային դատարան է ներկայացվել Գլխավոր դատախազության հայցը՝ ադրբեջանական ծագումով գործարար Շահլար Նովրուզովի դեմ։ Նա կալանավորված է ավելի քան 919 մլն ռուբլու հափշտակության մեղադրանքով, հաղորդում է Կոմերսանտը։
Ըստ դատական քարտադարանի՝ գործով պատասխանող է հանդիսանում նաև «Վոնիքսել լիմիթեդ» ընկերությունը։ Այն «Տուապսեի ծովային առևտրային նավահանգիստ» ՍՊԸ-ի հիմնադիրն է։ Երրորդ պատասխանողը գործարար և «Ինժտրանսստրոյի» նախկին թոփ-մենեջեր Օլեգ Բասինն է։
Հայցը դատարան է ներկայացվել սեպտեմբերի 25-ին։ Այն վարույթ է ընդունվել հաջորդ օրը։ Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 17-ին։
Ադրբեջանցի Շահլար Նովրուզովը, ով «Հին Բաքու» սրճարան» ՍՊԸ-ի և «Դար Ֆրուտ» ՍՊԸ-ի տնօրենն է, կալանավորվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձի գործի շրջանակում (Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մաս և 159-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Խոսքը վերաբերում է որոշակի ընկերության կանոնադրական կապիտալում 100% բաժնեմասերն յուրացնելու փորձին, որի անշարժ գույքի օբյեկտների շուկայական արժեքը կազմում է 919,4 մլն ռուբլի։