Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը: Այս մասին լրատվամիջոցներին ասել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները:
Հանրային հեռուստաընկերության եթերում Տեր Արամ քահանան ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել է, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 2 ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, 1 ամսով՝ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը: