Search
Close this search box.

ՔՊ-ում ինձնից սկսած բոլորի աշխատանքից էլ դժգոհություն կա․ Հրաչյա Հակոբյանը՝ երեկվա հանդիպման մասին

Մանրամասներ չեմ ուզում ասել, որովհետեւ դա մեր ներթիմային հարցերն են, որոնք մենք պարբերաբար քննարկում ենք, մտնել մանրամասների մեջ էթիկապես ճիշտ չեմ համարում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին ՔՊ-ում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ, ըստ Փաշինյանի, միմյանց սուր քննադատել են:

Նա հավելեց, որ այդ ներթիմային քննադատությունների արդյունքում որոեւէ որոշում չի կայացվել:

Հարցին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից դժգոհություն կա՞, հատկապես, որ դժգոհողների շարքում նշվում է նաեւ իր անունը, Հակոբյանը պատասխանեց, որ մամուլից է իմացել, որ ինքը իբր դժգոհ է եւ նախաձեռնել է ինչ-որ գործընթաց:

ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց, որ որեւէ ազդակ չունի, որ հնարավոր են հրաժարականներ:

«Ժանրը եղել է ինքնաքննադատություն, եւ մենք խոսել ենք ներթիմային հարցերի մասին: Ես էլ եմ ասում, որ եղել է անողոք պայքար, բայց բովանդակությունը չեմ ասում: Նմանատիպ քննարկումներ շատ են եղել մեր թիմում: Շատ է եղել, որ հավաքվել ենք փակ դռների հետեւում, դռները փակել ենք, խոսել ենք ամեն ինչի մասին, քննադատել ենք իրար, վերջում դուրս ենք եկել»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ Անդրանիկ Քոչարյանից դժգոհություն կա՞, Հակոբյանն արձագանքեց. «Ինձնից սկսած բոլորի աշխատանքից դժգոհություն կա: Դուք ամեն ինչ անում եք, որ փակագծեր բացեմ երեկվա հանդիպումից, չեմ բացելու»: