ՔՊ-ում ասել են՝ Տիգրան ջան, սիրուն չի, ինչի՞ ես ուզում տրանսպորտի թեմայով ժողովուրդը մեզ վռնդի. Ավագանու անդամ

Ինձ ասած տեղեկությունով, իմ սուբյեկտիվ պատկերացմամբ Տիգրան Ավինյանը հունվարի 27-ին արտահայտել է իր սեփական կամքը, դրանից հետո երևի տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ, որտեղ ասել են՝ Տիգրան ջան, սիրուն չի, այս ի՞նչ ես սարքում մեր գլխին, ինչի՞ ես ուզում տրանսպորտի թեմայով ժողովուրդը մեզ վռնդի ու պարտադրել են, որ մյուս օրը մտնի ինտերնետ և ասի, որ 150 դրամ է ուղեվարձը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, ով արդեն 4-րդ օրն է՝ մասնակցում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին եւ կոչ է անում քաղաքացիներին չվճարել ուղեվարձի համար:

«Տեսեք, եթե հաշվարկները իրական լինեին, հնարավոր չէր լինի 300-ից անցնել 150-ի այդքան հեշտ։ Եթե հաշվարկները իրական լինեին, փոխքաղաքապետը և քաղաքապետը ինքնարժեքների մեջ տարբեր գումարներ չէին տեսնի։ Եթե հաշվարկները իրական լինեին, իրենց ասած թվերով միասնական համակարգի անցնելուց անմիջապես հետո աշխատանքային օրերին քաղաքային բյուջե պետք է մտներ առնվազն 50 միլիոն դրամ: Իրենք ասում էին, որ աշխատանքային օրերին օրական հանրային տրանսպորտով առնվազն կես միլիոն ուղևորություն է տեղի ունենում։

Ավագանու նիստերը բացեք, Սուրեն Գրիգորյանի ելույթները բացեք, որ WYG-ից են խոսում, որ ասում են՝ վերգետնյա տրանսպորտից օրական օգտվում է 550 000 ուղևոր, ստորգետնյայից օգտվում է 85 000 ուղևոր և միասնական համակարգի գլխավոր պատճառներից մեկը հրսկայական ստվերը վերացնելն է, որովհետև իրենք կարծում են, որ ստվերը կարող է հասնել մինչև 30-40%-ի: Փաստացի փոփոխություն է եղել մեկ-երկու միլիոն դրամի: Ավելագույնը, որ իրենք հավաքագրում են, 35 միլիոնն է»,- ասաց նա: