««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ջանասիրաբար ինձ էլ է ուզում անձեռնմխելիությունից զրկի, տանի կալանքի։ Ասեմ, որ ես պատրաստ եմ էդ կալանքին, բռնաճնշումներին»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք՝ քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր, «Սրբազան պայքար» շարժման անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։
Նշենք, որ Գառնիկ Դանիելյանի ելույթին նախորդել էր ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցը՝ գլխավոր դատախազին․ «Ձայնագրությունների խոսակցություններում տարբեր մարդիկ են գնում, գալիս, խոսում, օրինակ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, իսկ Գառնիկ Դանիելյանն էլ խուզարկության օրն ասում է, թե ինքն է վճարում Վազգեն Գալստանյանի կեցավայրի վարձը։
Այսինքն մի վայրի վարձ, որտեղ ահաբեկչություն է կազմակերպվում, տալիս է պատգամավորը։ Ի՞նչ է անում դատախազությունն այս հանգամանքների բերումով։ Ես ինձ անվտանգ չեմ զգում՝ ԱԺ դահլիճում տեսնելով մարդկանց, որոնք այս խոսակցության մասնակից են եղել»,- ասել էր Հովհաննիսյանը։
Վարդապետյանը նշեց, որ Գառնիկ Դանիելյանի մասով դատախազությունում պատրաստված միջնորդագիր դեռևս չկա, բայց եթե վարույթի շրջանակներում պարզվի որևէ անձի մասնակցություն նման տեսակի գործողությանը, դատախազությունն օր առաջ գալու է ԱԺ։
«Քննությունն ինտենսիվ առաջ է գնում, մեծ քննչական խումբ է աշխատում, չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց վերաբերյալ մեղադրանքներ և ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցներ կունենանք»,- ասաց Վարդապետյանը։