Search
Close this search box.

ՔՊ-ից մեկնաբանում են` ինչու է Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրում

Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջում գրառմանը։

«Վարչապետն անդրադարձել է այն հայեցակարգին, որը մեր քաղաքական թիմը վերջին շրջանում առաջ է տանում։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ Հայաստանի նախորդիվ բոլոր իշխանությունների օրոք, նաև արտաքին մեր գործընկերների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ, հենման կետ այլ պետությունների շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե այս պատմության մեջ որտե՞ղ են մնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը՝ մնա որպես ռեսո՞ւրս այլ երկրների շահերը սպասարկելու համար իր աղքատության, ունեզրկումների, կոռուպցիայի հաշվին, թե՞ վերջապես պետք է դուրս գա այս շրջապտույտից և ապահովի միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների ներսում մեր քաղաքացիների կյանքը։ Վարչապետի ներողությունը երկրի ղեկավարի անունից ներողություն է նախորդ բոլոր ղեկավարների անունից՝ ուղղված իր ժողովրդին, ինչը ես նորմալ եմ գնահատում»,-ասեց Արթուր Հովհաննիսյանը։

Նա նշել է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար։

«Եթե քաղաքացին պետությունից վնաս է կրել, ապա ցանկացած ղեկավար պետք է քաղաքացու առջև այդ պատասխանատվությունը կրի։ Մենք՝ որպես քաղաքական թիմ, վերցրել ենք այդ պատասխանատվությունը և ներողություն ենք խնդրում, նաև տանում ենք մեզ վրա այն բեռը, որը մեզանից առաջ բոլոր իշխանությունները թողել են մեր քաղաքացիների վրա։ Սրա մասին է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներողությունը»,-նշել է Հովհաննիսյանը։