ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՔՊ-ի հետ համագործակցությունը դադարեցնում է և դուրս գալիս խմբակցությունից: Այս մասին նա հայտարարել է Factor.am-ի ուղիղ եթերում:
«Մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը «ՔՊ» խմբակցությանը»,- հայտարարել է նա։
Պատճառը Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են։
Ստորեւ ներկայացնում ենք Հակոբ Ասլանյանի ընթերցած հայտարարության տեքստը.
«Սույն թվականի դեկտեմբերի 3-ին, հանգամանքների բերումով մասնակից եղա մի գործընթացի, ծանոթացա մարդու անձնական կյանքին վերաբերող տեղեկատվության: Ցանկացած այլ դեպքում ես դա չէի անի, բայց քանի որ խոսքը վերաբերում էր իմ ընկերոջը՝ Հովիկ Աղազարյանին, ես ստիպված էի դա անել իմ ներքին համոզմունքն ամրապնդելու համար: Սիրելի հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ
Սիրելի հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այնտեղ չգտա որեւէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն:
Ասեմ ավելին, շաբաթ օրը տեղի ունեցավ մի հանդիպում մեր թիմի բարձրաստիճան պաշտոնյայի, իրավական համակարգի ներկայացուցչի, Հովիկ Աղազարյանի, նրա երեք որդիների եւ իմ մասնակցությամբ: Հովիկ Աղազարյանը բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ իր որդիներին հնարավորություն տան ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացվել են խմբակցությանը:
Եվ եթե ինքը չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի պատգամավորի մանդատը: Դա տեղի չունեցավ:
Աղազարյանի որդիներից մեկն ասաց, որ իրենց, ըստ էության, ծանոթ են հեռախոսի պարունակությունը եւ որեւէ հիմք չունեն դիմել իրենց հորը՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու խնդրանքով:
Հիմնվելով վերոնշյալի վրա հայտարարում եմ՝
Ես Հակոբ Ասլանյանս, մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը ՔՊ խմբակցությանը: Դիմում եմ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին խնդրանքով՝ ձեւավորել խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջեւ Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ: Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխել իմ մոտ ձեւավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին եւ հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»:
Ասլանյանն ասաց, որ ծանոթացել է նյութերին, չի տեսել դավաճանություն, պետական գաղտնիքի հրապարակում. «Ամեն ինչ կարդացել եմ։ Այնտեղ գրված չէ այնպիսի բաներ, որ կարող է պետական գաղտնիքի հրապարակման քողի տակ դնել։ Անձնական կյանքի վերաբերյալ խոսելու կարիք չկար ընդհանրապես։ Մեզանից յուրաքանչյուրն ունի իր նեղ անձնական տարածությունը, որտեղ չի կարելի մտնել։ Ես իմ վերաբերմունքն եմ ասում, դեմ եմ։ Շատ ուշադիր կարդացել եմ»,-ասաց նա՝ նշելով, որ Հովիկ Աղազարյանի հետ երկար ճանապարհ է անցել, նրան շատ լավ է ճանաչում, տեսել է այս օրերին նրա ապրումները։
Ասլանյանի խոսքով, այն պետականամետությունը, նվիրվածությունը, որ կա Աղազարյանի մոտ, շատ քչերն ունեն։
«Ես շատ ծանր եմ տանում այս պատմությունը»,-ասաց նա։