ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանի եղբայրը՝ Սեթ Պողոսյանը, ով, ի դեպ, վերջերս է աշխատանքի անցել ՀԷՑ-ում, չի թաքցնում իր հրճվանքը, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում Հայ առաքելական եկեղեցին փորձում են աստիճանաբար դուրս մղել ժողովրդի կյանքից։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ իր պայքարը թաքցնում է, մանիպուլացնում, նշելով, որ իր պայքարը Կաթողիկոսի դեմ է, ինքը ուզում է եկեղեցին ազատագրել Գարեգին Բ-ից, ոչ թե երկիրը՝ եկեղեցուց ու քրիստոնեությունից։
Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ հպարտացել է, որ ՀԵՊ առարկան դպրոցներից հանելուց հետո վերջապես հերթը հասավ գնդերեցներից բանակն ազատելուն, և նշել, որ որևէ կրոն չի դավանում։
«Վերջապես ՀՀ ԶՈՒ-ից դուրս եկավ հոգևորականների ներկայությունը։ Ուրախ եմ նաև, որ դպրոցներից դուրս եկավ ՀԵՊ առարկան։ ՀՀ-ը կրոնական պետություն չէ, ոնց որ մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հայաստանում ապրում են տարբեր կրոնների դավանող մարդիկ ու ապրում են ոչ մի կրոնի չ’դավանող մարդիկ։
Հայաստանում մարդիկ ազատ են, ինչպես որևէ կրոնի դավանության մեջ, այնպես էլ ազատ են չդավանելու ոչ մի կրոնի։ Ես հարգում եմ բոլոր հավատացյալ մարդկանց, բայց նրանք էլ պիտի հարգեն իմ ոչ մի կրոնի չդավալելը։
Հ. Գ Ես իմ երեք տղաների այն հարցին «աստված կա՞, թէ ոչ», միշտ պատասխանել եմ՝ դուք եք որոշում աստված կա ձեր համար թէ ոչ։ Եթե ես իմ երեխաներին չեմ պարտադրում չհավատալ, ուրեմ ոչ մեկ իրավունք չունի ինձ պարտադրի հավատքի մեջ»,- գրել է նա։
Ի դեպ, այս մի քանի տողը վերջինս գրել է բազմաթիվ ուղղագրական սխալներով։ Կից ներկայացնում ենք նրա գրառումն՝ առանց խմբագրման։





