Անգամ արհեստական բանականությունը կատարվող անհեթեթության նախադեպեր չի գտել։ Այս մասին հակասահմանադրական ճանաչված հոդվածով դատական նիստին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր ՍԴ որոշումից հետո, որը հակասահմանադրական էր ճանաչել մեղադրանքի հոդվածը։ Որոշումը բողոքարկվել էր, գործն անցել էր Հակակոռուպցիոն դատարան, որը ներկայումս քննում է նոր մեղադրանք առաջադրելու մասին մեղադրող կողմի միջնորդությունը։
«Դատարանների վրա պլան է դրված», — արձանագրել է Քոչարյանը։
«Ոչ ոք չի կարող պլան դնել, օրենքն է ժամկետներ սահմանում», — հակադարձել է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Քոչարյանը նկատել է, որ առաջին անգամ է լսում դատարաններին ուղղված նման շրջաբերականի մասին, և առավել ևս զարմանք է հարուցում, որ դատարանները դրանով են առաջնորդվում։ Դատավորը շտապել է հավաստիացնել, որ չի առաջնորդվում շրջաբերականով, այլ միայն ողջամիտ ժամկետներով և արդյունավետությամբ։
Քոչարյանը նշել է, որ պետական պահպանությամբ դատարան յուրաքանչյուր այցը նույնպես ժամանակ և միջոցներ է խլում։ Այդ ժամանակ դատավորն առաջարկել է նիստերը շաբաթական ոչ թե երեք անգամ, այլ մեկ անգամ, բայց ամբողջ օրով անցկացնելու տարբերակը։
Երկրորդ նախագահը նշել է, որ դատի բովանդակության վերաբերյալ դիմել է արհեստական բանականությանը՝ հարցնելով, թե արդյոք առանց քրեական գործի մարդը կարող է մեղադրյալ լինել։
«Շատ երկար մտորելուց հետո արհեստական բանականությունն ասաց, որ դա անհեթեթություն է։ Աշխարհում չկա երկիր, որտեղ նման բան հնարավոր լինի։ Ես խնդրեցի նման օրինակ բերել, նա պատասխանեց, որ վերջին 100 տարվա ընթացքում նման օրինակ չի գտնվել։ Եթե խոսում ենք սթափ մոտեցման մասին, ապա նման նիստ ընդհանրապես չպետք է լիներ։ Պահպանվում է ներքին համոզմունքը, որ ընդհանուր առմամբ անհեթեթություն է կատարվում», — նշել է Քոչարյանը և խնդրել դատավորին, եթե արհեստական բանականությունը սխալվում է, նման օրինակ բերել։




