Քոչարյանական «քոուչինգ»…

Քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը գրում է․
ՀՀ երկրորդ նախագահի մամլո ասուլիսի մեխը՝ պրոցեսի ու դեպքերի ժամանակագրությամբ «Ղարաբաղի» հանձնման նկարագիրն ու գալիք ընտրություններին մասնակցելու անոնսն էր:
Մնացածը՝ ինքնարդարացում էր, ուժեղ, հզոր, կամային ու հեռատես լիդերի կերպարի ինքնամարմնավորում էր, բարոյականության, հեռատեսության, «ճշտի» դասեր էին, կոնկրետ հարցերից խուսափում, Ռուսաստանի սրբացում ու դերի բարձրացում էր, 2026-ին ընտրություններին մասնակցելու հայտ էր, ընդ որում, մինչ այդ որպես ընդդիմություն ո՛չ մի ճանապարհային քարտեզ, ո՛չ մի օրակարգ, հայեցակարգ, ռազմավարություն, գործող իշխանություններին հեռացնելու ո՛չ մի ծրագիր չներկայացվեց:
Բովանդակային առումով նոր բան չասվեց:
Հետևաբար՝ ոչ մեզ զարմացրեց, ոչ էլ իր քաղաքական «լեվելը» բարձրացրեց:
Եթե արտաբերած որոշ մտքերի հետ անգամ կարելի է համաձայնել, տրամաբանություն գտնել, ապա տարակուսելի էր նախագահին ոչ հարիր հաճախակի օգտագործվող փողոցային բառակույտն ու վերջինիս անտարակույս ռուսական պրոպագանդան:
Այս համատեքստում զարմանք է առաջացնում նրա ինքնահռակ ռացիոնալիզմը, երբ նրանից լսում ես՝ «Այսօր ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ երևացող ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է» արտահայտությունը:
Մանավանդ, երբ վերջինս պետք է որ քաջ գիտակցի, որ վերադարձ նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ մեղմ ասած անիրատեսական է:
Որ ընդհանրապես հղում տալն այդ հայտարարությանն առհասարակ իրատեսական չէ:
Որ թե՛ իր մատնանշած եղբայրական ու դաշնակից Ռուսաստանը և թե՛ առավել ևս Ադրբեջանը՝ նախկին ստատուս քվոյին վերադառնալու ոչ մի դրվագ անգամ քննարկման առարկա չեն դարձնելու:
Զարմանք է առաջացնում նաև նրա այն պնդումը, թե՝ «Խաղաղապահները բավարար կերպով կատարում էին իրենց աշխատանքը, մինչ այն պահը, երբ Փաշինյանը վազեց Պրահա և ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս»:
Իրո՞ք նա չգիտի, որ դա բնավ այդպես չէ: Մանավանդ, երբ կարող ենք ասածն հակասող տասնյակ փաստեր ներկայացնել:
«Ֆանտաստիկ» մտքի էվերեստն էլ՝ «Շատերը նեղացած են, թե ինչու ՌԴ-ն պարտավորությունները չկատարեց, բայց փորձենք նայել Ռուսաստանի աչքերով։
Այն կարող էր կանգնեցնել Ղարաբաղում կատարվածը միայն ուժային միջամտությամբ։ Բայց ո՞ւմ համար՝ ՀՀ–ի համար, որ ճակատագրական պահին անցել է քո թշնամիների կողմը» հայտարարությունն էր:
Սա նոնսենսի, աբսուրդի ու մարազմի ժանրից էր:
Սա այն դեպքերից է, երբ կարող ես ամեն բառի հակափաստարկը բերես, ապացուցես, որ չարաչար սխալվում է, որ ասածով արհեստական ինտրիգ է ստեղծում, մանիպուլացնում ու խեղաթյուրում է, բայց չես արձագանքում.
թողնում ես, որ ասողն իր իսկ արտաբերածի պատճառով՝ «քաղաքականապես ինքնաոչնչանա»:
Մանավանդ, երբ քաղաքական «ինքնախարազանումն» ու «սամասուդն» ապահովում է՝ «ՀՀ֊ն միայնակ է թողել ՌԴ֊ին», « ՀՀ-ն դավաճանեց ՌԴ-ին, «ՀՀ-ն հաշվի չառավ իր դաշնակցի շահերը», «ՀՀ-ն անցավ դաշնակցի թշնամու դաշտ»՝ էքստրավագանտ արտահայտություններով:
Սա այն դեպքն է, երբ ինքդ քեզ թույլ չես տալիս նման մտքեր ասողի հետ մտնել քննարկման դիսկուրսի կամ վիճաբանության մեջ:
Իսկ երբ վերջինս ասում է՝ «խոշտանգման եմ ենթարկվել լրագրողների կողմից», ակամա ծիծաղդ գալիս է, թեպետ զսպելով այն, մնում է ասել.
իսկ քանիսի՞ն ինքդ ես խեղել-խոշտանգել , սեփական ժողովրդիդ ինչ օրի հասցրել, որ քեզ աննկարագրելի անտագոնիզմով, նողկանքով, դառնությամբ, վախով ու սարսափով են հիշում:
Այն աստիճան ահաբեկված, որ ձեր վերարտադրվելուց միայն՝ պատրաստ են շարունակել համակերպվել ու հանդուրժել գործող իշխանություններին:
Ու դուք դեռ հույս ունեք հայ ժողովրդի «այո»-ին արժանանալու, կրկին երկիր ղեկավարելու:
Առավել ևս, երբ ինքներդ եք խոստովանում, որ շանսերը մեծ չեն, երբ ինքներդ եք արձանագրում ձեր և ձեր քաղաքական թիմի ցածր վարկանիշի, իշխանություն վերստին ստանձնելու զուտ «պրագմատիկ հույսերի» ու փաստորեն՝ ՀՀ չգործող ընտրական համակարգին վստահելով ընտրությունների գնալու մասին:
Չեմ կարծում, որ նաև չեք գիտակացում այդ սցենարով ձեր երկրորդ ֆիասկոն:
Առվել ևս, որ արդար ընտրություններով, ժողովրդի աջակցությամբ իշխանության գալու շանս չունեք:
Ո՛չ դուք, ո՛չ գործողները…
Ոչ մեկդ շանս չունեք ժողովրդից ձայն և սատարում ստանալու:
Մանավանդ, որ գործող իշխանությունների հետ մի թելով թելված, պասերով, սինխրոն գործում-համագործակցում եք:
Որ «նախկին-ներկա» չկա՝ բոլորդ նույնն եք…
Չկա՝ «հին ու նոր», «սև ու սպիտակ», կա՝ արհեստական, կեղծ այլընտրանք ու շինծու երկընտրանք, որի առաջ եք կանգնեցնում սեփական ժողովրդին:
Դուք պետք է նաև գիտակցեք, որ անջնջելի «կլեյմո» ունեք.
«ուչաստկովիի գործ»՝ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը՝ «ձեր վզով» է, թեկուզ, որ այսօրվա Քայլող Պատուհասներն իրենց ժողբաստիոնապետի գլխավորությամբ առ այսօր դրանք «բացահայտում են»…
Էլ չեմ խոսում՝ զրոյից եկած ու նախագահական տարիների ընթացքում կուտակած ու թեկուզ՝ թուղթ-թամասուքով հիմնավորված աստղաբաշխական միլիարդների, ունեցվածքի, բիզնեսների ու դրանց ոչ թափանցիկ լինելու մասին:
Չեմ խոսում՝ գույք պարտքի դիմացի, արժանի պատիժ կրելու, պատասխանատվության ենթարկվելու մասին, չնայած աներկբա է՝ վաղ թե ուշ իրական լյուստրացիայի ու «հայկական Նյուրնբերգի» ականատես դառնալու ենք:
Ամեն ինչ իր ժամանակին:
Իսկ ընտրության մասով, թե՛ դուք և թե՛ գործողները սկսեք համակերպվել՝ այլընտրանք կա, կազմն ուրվագծվում է…
Քոչարյանական «քոուչինգ»…