19-ամյա զինծառայող Սևակ Հովհաննիսյանն ամռանն էր զորակոչվել բանակ, նա Հրազդան քաղաքից էր, «Ազատությանը» փոխանցեց քաղաքապետի խոսնակ Արամայիս Պողոսյանը:
«Ունի մեկ եղբայր իրենից մեծ, զորակոչվել է բանակ 2024 թվականի հունիս ամսին: Շատ հարգալից ընտանիք են, ծնողները հարգանքով, ընդհանուր թաղամասում որևիցե խնդիր չեն հարուցել: Հայրը, մեր ունեցած տեղեկություններով, արտագնա աշխատանքով է զբաղվել», — ներկայացրեց Պողոսյանը:
Բանակում այս տարի զինվորի մահվան առաջին դեպքը Քննչականը որակել է սպանություն, այժմ քննում են՝ պարզելու, թե ով կամ ովքեր են սպանել Սևակ Հովհաննիսյանին: Մեղադրյալներ դեռ չկան, կոմիտեն այլ մանրամասներ դեռ չի հայտնում: Մինչ Քննչականը մանրամասներ չի հաղորդում, թե այս ողբերգությանը ինչ միջադեպ է նախորդել, մամուլն արդեն գրում է, որ վեճ է եղել:
Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդեց միայն, որ զինծառայողի դին հայտնաբերվել է առավոտյան 9:20-ի սահմաններում՝ հրազենային վնասվածքով: Ոչ մի խոսք վեճին կամ մահվանը նախորդած որևէ միջադեպի մասին: Միայն նշել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Անցած տարի բանակում մահվան 40 դեպքից 36-ը գրանցվել է ոչ մարտական պայմաններում, 4 զինվոր հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է զոհվել:
«Այսինքն եթե վեճ է բորբոքվում երկուսի միջև ու դրանից բարձր գտնվող անձը չի կարողանում հանգուցալուծել այդ վեճը, ապա մեղավորը ոչ միայն այն անձն է, ով կատարել է հանցագործությունը, այլ այն, ով չի գտնվել իր վայրում, որպեսզի կանխի այդ հանցագործությունը», — ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները տևական ժամանակ է քննադատում են իշխանություններին փակ համակարգ համարվող զինված ուժերն անարդյունավերտ կառավարելու, կանոնադրական հարաբերությունները չպահպանելու համար:
Մինչդեռ Բանակի օրվա առթիվ Պաշտպանության նախարարություն այցելած վարչապետը նույն այս մեղադրանքներն ուղղել էր ոչ թե իր թիմին, այլ հասարակությանը. — «Բանակում չկա թեկուզ մեկ հատիկ պրոբլեմ ու թերություն, որ չի ծնվել բանակից դուրս»: