Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը այսօր՝ հունիսի 6–ին, ԱԺ–ում հաստատեց, որ ՔԿ–ից 590 000 դոլարի գողության բացահայտումից հետո գողոնի մեծ մասը հայտնաբերվել է, իսկ 11 200 դոլարը չկա։
«11200 դոլարը այո չի հայտնաբերվել, ներկա պահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում են, մեղադրյալների հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ գումարի մնացած մասը, այսինքն 11200 դոլարը վերականգնելու առումով և եթե ունենանք վերականգնում, ապա շատ ավելի լավ, իսկ եթե ոչ, ապա քրեական դատավարության օրենսգրքում կա գույքի արգելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների, շարժական և անշարժ գույքերի վրա»,–ասաց նա։
Նահապետյանի խոսքով, մեղադրյալները ունեն այդպիսի գույքեր, թե՛ շարժական և թե՛ անշարժ և վնասի վերականգնում չունենալու դեպքում, գույքի արգելադրման ինստիտուտը անպայման կկիրառվի։
Հարցին՝ պարզե՞լ են, թե ինչու այդքան մեծ գումարը մնացել է ՔԿ–ում եւ չի տեղափոխվել դեպոզիտային հաշվին, Նահապետյանը պատասխանեց. «Քննչական կոմիտեում գումարը հայտնվել է մեկ այլ վարույթով կատարված քննչական գործողությունների արդյունքում, ճանաչվել է քննիչի կողմից իրեղեն ապացույց և այդ գումարը ԿԲ ուղարկելու նպատակով, եթե չեմ սխալվում 2025 թվականի ապրիլին վարչության պետի կողմից գրություն է հասցեագրրել Կենտրոնական բանկ, որպեսզի ի պահ հանձնվի գումարը Կենտրոնական բանկին, սակայն հաշվի առնելով որոշակի ընթացակարգեր, ԿԲ–ն, ըստ էության, հրաժարվել է գումարը ի պահ ընդունել և նորից վերադարձվել է Քննչական կոմիտե»։
Նա նաեւ հավելեց, որ հիմա ձեռնպահ կմնա նշել, թե ինչ հանգամանքներից ելնելով է ԿԲ–ն նման որոշում կայացրել, քանի որ ընթանում է նախաքննություն։