Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ Երևանի Արզումանյան 10 և 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու ծրագրին։
Զեկուցվեց, որ բնակիչներից ոմանք օտարման համար համաձայնություն չեն տվել, պայմանագրեր չեն կնքվել․ «Պետք է ավարտին հասցնենք և առաջ շարժվենք, այս շենքերի բնակիչները պետք է հասկանան, որ իրենց կյանքը վտանգի տակ է։ Այս ցիկլը պետք է մի կետում ավարտվի։ Բոլոր այն շենքերը, որոնք ազատել ենք բնակիչներից, չլինեմ-չիմանամ, որ նոր բնակիչներ են եկել, տեղավորվել և որոշել, որ իրենք նույնպես այդ արտոնությունները պետք է ստանան։ Հիմնահատակ քանդել այդ շենքերը, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել»,- ասաց Ավինյանը։
Անդրադարձ եղավ նաև Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման աշխատանքներին։ Այս պարագայում ևս նշվեց, որ կան 5 ընտանիքներ, որոնք համաձայնություն չեն տվել, նրանց պահանջները չեն համընկնում քաղաքապետարանի առաջարկների հետ․ «Եթե չեն ուզում, զոռով պետք չի մարդկանց տուն տալ»,- ասաց Ավինյանը: Հարցի քննարկումը հանվեց օրակարգից։