Mediahub.am-ը գրում է․ Այսօր երկու ուշագրավ հրաժարական տեղի ունեցավ պետական ապարատում։ Նախ Նիկոլ Փաշինյանի հորդորով կամ պահանջով հրաժարականի դիմում գրեց և պաշտոնից հեռացավ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ապա իր հրաժարականի, ինչպես նաև քաղաքական և կուսակցական գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Վերջինս, մեր տեղեկություններով, նշանակվելու է հենց Արամ Հովհաննիսյանի տեղը՝ ոստիկանապետ։
Հիշեցնենք, Ղազարյանը մինչ այդ եղել է նաև Լոռու մարզի ոստիկանապետը, և 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, ծառայելով նախորդ իշխանություններին, աչքի է ընկել Վանաձորում ցուցարարների դեմ ուժ կիրառելով և նրանց թուրքերի հետ համեմատելով։ Իսկ արդեն հեղափոխություն կոչված իրադարձությունից հետո նա շարունակել է պաշտոնավարել՝ նշանակվելով տարբեր պաշտոնների, այդ թվում՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, իսկ 2024թ. հունվարի 18-ից՝ Լոռու մարզպետ։
Այսքանով, սակայն, Արամ Ղազարյանի «հմայքը» չի ամբողջանում։ Ղազարյանը, մեր տեղեկություններով, 2021 թվականի նոյեմբերի 11-ին կրակոցներից սպանված Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի հորեղբոր որդին է։ Իր ազգականի սպանության պահին Ղազարյանը աշխատում էր ոստիկանությունում՝ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։ Շուտով Տույի զարմիկը կդառնա արդեն ՀՀ ոստիկանապետ։