Երեկ՝ հուլիսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Քաղսի գյուղի հյուրատներից մեկից մի քաղաքացու են առևանգել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հյուրատնից դեռևս անհայտ անձանց կողմից ավտոմեքենայով առևանգվել է օտարերկրացի տղամարդ և նրան հայտնաբերելու ուղղությամբ սկսվել են որոնողական աշխատանքներ իրականացնել։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է նա սպանվել է, ապա դին փորձել են տեղափոխել, որպեսզի թաքցնեն, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով նույնպես օտարերկրացի է։ Նրանք մի քանի օր է՝ բնակվում էին նշված հյուրատանը։