Քաղաքական պայքարի առաջնորդ` հայկական Իվանիշվիլու ծնունդը

Տեւական ժամանակ քաղաքական դաշտում առաջնորդի փնտրտուք էր. տիտղոսային ընդդիմության երկու թեւերը` Փաշինյանին թողած, պայքարում են իրար դեմ․ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դեմ են Սերժ Սարգսյանին եւ նրա կողմնակիցներին՝ Սարգսյանին մեղադրելով Փաշինյանին իշխանության բերելու մեջ, Սերժ Սարգսյանի կողմնակիցները դեմ են Քոչարյանին եւ նրա թիմակիցներին՝ նրանց մեղադրելով Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու, նրան անվստահություն հայտնելուն եւ պաշտոնազրկմանը խոչընդոտելու մեջ, իսկ հասարակության մեծամասնությունը հոգնել է այս անիմաստ եւ ոչինչ չտվող մեղադրանքներից եւ չի աջակցում կողմերից որեւէ մեկին՝ փնտրելով այնպիսի առաջնորդի, որը ոչ թե կմասնատի- կպառակտի հասարակությանը տարբեր թեւերի, խմբերի, այլ կմիավորի` Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարում: Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը նման առաջնորդ դառնալու հայտ ներկայացրեց: «Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որեւէ մեկը, իր որեւէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»,- նախորդ օրը հայտարարեց Սամվել Կարապետյանը՝ «որեւէ մեկը» ասելով ակնհայտորեն նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:

Սամվել Կարապետյանն այդ հայտարարությունից անմիջապես հետո ձերբակալվեց, Փաշինյանն ամեն ինչ կանի, որ նրան կալանավորեն: Նա 2 ճանապարհ ունի` կա՛մ մնալ Փաշինյանի իշխանության գաղափարական հակառակորդ՝ բավարարվելով ընդամենը այդ իշխանությանը քննադատելով, կա՛մ` դառնալ այդ իշխանության դեմ պայքարի առաջնորդ՝ ղեկավարելով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համաժողովրդական շարժումը: Երեկ նրա տան մոտ հավաքված մարդկանց հոծ բազմությունը ցույց էր տալիս, որ Կարապետյանը առավել, քան որեւէ մեկը, Հայաստանում ունի հանրային աջակցություն: 

Այս պահին Կարապետյանն ընդամենը «խղճի կալանավոր» է: Այս տերմինն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել բրիտանացի իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Փիթեր Բենենսոնը, նա խղճի կալանավոր էր անվանում նրանց, ովքեր զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են իրենց կրոնական, քաղաքական եւ այլ համոզմունքների եւ հայացքների համար: Խղճի կալանավորի եւ քաղաքական կալանավորի միջեւ կա մի տարբերություն. խղճի կալանավորը քաղաքական պայքարի կամ դիմադրության կոչ չի անում, խղճի կալանավորն իշխանությունը փոխելու եւ իշխանության գալու հայտ չի ներկայացնում, նա ռեժիմի գաղափարական հակառակորդն է, բայց ո՛չ այդ ռեժիմի դեմ քաղաքական պայքարի առաջամարտիկը: 

Զուտ իր իշխանության ապահովության նկատառումներից ելնելով, Փաշինյանը կարող է Կարապետյանին արտաքսել երկրից, բայց, նախ, նա այնքան քինախնդիր մեկն է, որ կուզենա Կարապետյանին ցույց տալ իր ուժը, եւ, երկրորդ` նա վախենալու է, որ ազատության մեջ գտնվող Կարապետյանը՝ թեկուզ Հայաստանից դուրս, Ռուսաստանից կարող է գլխավորել հակափաշինյանական շարժումը: Բայց նույնիսկ կալանքի տակ գտնվելով՝ Կարապետյանը կարող է դառնալ համաժողովրդական շարժման առաջնորդ, մանավանդ որ նա չի կարող հավակնել վարչապետի կամ որեւէ այլ պաշտոնի․ Հայաստանի Սահմանադրությունը քաղաքացիության եւ մշտական բնակության ցենզ է սահմանում, որոնց նա չի բավարարում: Բայց առաջնորդ լինելու համար պարտադիր չէ, որ մարդ նախընտրական ցուցակ գլխավորի կամ ինքն անձամբ որեւէ պաշտոնի հավակնի: Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին ո՛չ վարչապետ է, ո՛չ խորհրդարանի նախագահ, բայց նա իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդն է, երկրի փաստացի ղեկավարը: Եվրոպական կառույցները եւ եվրաչինովնիկները նրան օլիգախ են անվանում, պահանջում են, որ նա հեռանա քաղաքականությունից, որ իրենք նշանակեն ու ազատեն Վրաստանի իշխանություններին` վարչապետից սկսած, վերջացրած կառավարության անդամներով, պատգամավորներով եւ անգամ՝ վարչության պետերով, ովքեր կկատարեն իրենց հանձնարարությունը` հաշվի չառնելով, թե դրանք որքանով են բխում Վրաստանի շահերից կամ հակասում դրանց: Իվանիշվիլին ոչ միայն չընկրկեց շանտաժի առաջ, ոչ միայն աչք չթարթեց, երբ նրանից փաստացի մի քանի միլիարդ դոլար խլեցին`սառեցրին կարողության մի մասը, այլ շարունակում է պաշտպանել Վրաստանի շահերը, ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը: 

Սամվել Կարապետյանի նկատմամբ եւս կա ճնշման գործիք՝ նրա հայաստանյան սեփականությունը` բաշխիչ ցանցերը, առեւտրային օբյեկտները: Բայց նա արդեն հայտարարել է, որ պատրաստ է շարունակել պայքարը, եթե անգամ անհրաժեշտ լինի հրաժարվել հայաստանյան սեփականությունից: Արժեքներ եւ սկզբունքներ չունեցող Փաշինյանի համար փողը եւ սեփականությունը այն միակ գործիքներն են, որոնց միջոցով նա կառավարում է իր ընչաքաղց եւ անկուշտ շրջապատին եւ նույն սկզբունքով փորձում է կառավարել հասարակությանը`ով իր դեմ է, աղքատ է եւ ունեզուրկ, ով ստորաքարշ է եւ ծառայամիտ, ստանում է պաշտոն եւ վիտամիններ: Առաջնորդի ամենակարեւոր հատկանիշը փողի եւ ունեցվածքի գերի չլինելն է, եւ Կարապետյանն ասում է, որ սեփականությունն իր համար առաջնային չէ: 

«Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից։ Աստծո օգնությամբ»,- հայտարարել է ձերբակալված Կարապետյանը: Սա առնվազն նշանակում է մի բան. Փաշինյանը` ի դեմս Կարապետյանի, ստացավ համաժողովրդական շարժման մի նոր առաջնորդ, որին հնարավոր չէ ո՛չ վախեցնել, ո՛չ առնել, ո՛չ կաշառել: Այն, ինչ պակասում էր հաջողության համար, կարծես թե ի հայտ եկավ:

hraparak.am

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։