«Եթե գնահատենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության վերաբերմունքը ազատ ընտրություններին, ապա բավական է հիշել մի քանի օրինակ. Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ով ընտրվելուց ընդամենը օրեր անց կալանավորվեց, կամ Ալավերդիի ընտրված քաղաքապետի դեպքը։ Այս օրինակներով պարզ է դառնում՝ որքանո՞վ է իրականում նրանց կողմից գնահատվում ազատ ընտրությունը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանն ընգծել է՝ վանաձորցիները իրենց ձայնը տվել էին կոնկրետ մարդու, նա ընտրվել էր քաղաքապետ, սակայն նախապես զգուշացվել էր, որ ընտրվելու դեպքում խնդիրներ կունենա, արդյունքում Ասլանյանը 2 տարի անցկացրեց անազատության մեջ։ Սա է «Քաղաքացիական պայմանագրի» ձեռագիրը, «հարգանքը» ընտրությունների արդյունքների նկատմամբ, երբ ընտրված մարդիկ հայտնվում են բանտում՝ հենց ընտրվելու համար։
«Քաղաքացիական պայմանագրի» ձեռագիրն արդեն շատերի համար տեսանելի է․ հասարակությանը ցույց տալ մի բան, իսկ իրականում անել մեկ այլ բան։ Բայց 2018 թվականից հետո մեր հասարակության աչքերը բացվել են, մարդիկ տեսնում են, որ ՔՊ-ի ցույց տվածն ու իրականությունը միմյանցից մեծ շեղում ունեն»,- ասել է Կարապետյանը։





