Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն երկուշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է համաձայնի հինգշաբթի Ստամբուլում անձամբ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգտվել է առիթից և առաջարկել անձամբ մեկնել Ստամբուլ: Մենք կոչ ենք անում Վլադիմիր Պուտինին համաձայնել»,- նախարարի խոսքերն են մեջբերում ֆրանսիական լրատվամիջոցները։
Նա կրկնել է, որ Փարիզի տեսանկյունից հրադադարը ցանկացած խաղաղ բանակցությունների «նախապայման» է։
«Հասկանալի է, որ արդար և կայուն խաղաղության համար բանակցությունները տեղի կունենան միայն հրադադարի դեպքում, քանի որ մենք չենք կարող բանակցել ռումբերի և անօդաչու սարքերի հարձակումների ներքո», — ասել է Բարրոն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին, Ստամբուլում առանց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականին:
«Մենք առաջարկում ենք առանց հետաձգման սկսել հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլից, որտեղ դրանք (բանակցությունները) անցկացվել են ավելի վաղ և որտեղ ընդհատվել են», — ասել է Պուտինը։
Նրա խոսքով, վաղը ծրագրված է զրույց իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նա կհարցնի բանակցություններ վարելու հնարավորության մասին։ Պուտինը չի բացառել նոր, «իրական զինադադարի» շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների։ «Մենք պատրաստ ենք Ուկրաինայի հետ լուրջ բանակցությունների», — վստահեցրել է Պուտինը։ Երկրի ղեկավարը դրանց իմաստը որակել է որպես «հակամարտության արմատական պատճառների վերացում» և «պատմական հեռանկարում երկարաժամկետ, տևական խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր»։
«Մենք չենք բացառում, որ այս բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի պայմանավորվել ինչ-որ նոր և իրական զինադադարի շուրջ»,- ասել է Պուտինը։