Եթե այստեղ ենք, ապա կառավարությունից ակնկալիքներ ունենք, այլ հարց է կանխատեսումը. այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Մինչև այսօր զարգացումներն ու իշխանության քաղաքական դիրքորոշումները ցույց են տալիս, որ ՀՀ կառավարությունը լուրջ բարեփոխումներ կամ ներառական, արդյունավետ քննարկումներ արցախցիների իրավունքների պաշտպանության համար չի իրակացնելու։ Նրանք հստակ քաղաքական դիրքորոշում ունեն, որ այն քաղաքական պահանջները, որոնք ներկայացնում ենք, կամ դրանց մի մասը իբրև թե Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք են, բայց ես կասեի՝ իրենց այդ դիրքորոշումն է սպառնալիք»,-ասաց նա։
Նաև նշեց, որ այդ քաղաքական հարցերը վերաբերում են և արցախցիների վերադարձին, մշակութային արժեքների պաշտպանությանն ու գերիներին։ Ըստ Բեգլարյանի՝ սոցիալական խնդիրներն էլ կիսատ-պռատ են իրականացնում, լուծում չեն տալիս։
Բեգլարյանը նշեց, որ իրենք բնակվարձի դադարեցման պատճառով ունեն խորացող չքավորություն։
«Փորձագիտական հաշվարկներով՝ արցախցիների 80%-ն աղքատության շեմից ներքև է, քանի որ բնակվարձի աջակցությունը դադարեցրել են։ Այս և հաջորդող երկու, երեք ամիսներին ծայրահեղ աղքատների թիվը կտրուկ մեծանալու է», – ասաց նա։