Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում իրենց բանտում ապօրինի պահվող հայ բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ: Ստորև ներկայացվում է հրապարակման թարգմանությունը.
«Զարմանքից քար էինք կտրել, երբ անցած շաբաթ POLITICO պարբերականը, և, անկասկած, այլ լրատվամիջոցներ ևս, մի PR ընկերությունից էլեկտրոնային նամակ ստացավ, որում նկարագրվում էր Եվրոպայում ռուսական ազդեցության գործողությունների մասին։ Թեպետ սա շատ գայթակղիչ էր հնչում, սակայն այն կենտրոնացած էր բացառապես մեկ մարդու վրա․ինչպես իմ գործընկեր Գաբրիել Գավինը նկատեց՝ ռուսահայ օլիգարխ Ռուբեն Վարդանյանի:
Շահային հետաքրքրություն. Ռուբեն Վարդանյանը ներկայումս գտնվում է Ադրբեջանում՝ ճաղերի հետևում, այն իրադարձություններից ի վեր, երբ այդ երկիրը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա՝այն գրավելու նպատակով, ինչի հետևանքով էլ Ղարաբաղի հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային արտագաղթի: Չնայած 56-ամյա Վարդանյանն իր միջոցները վաստակել է Մոսկվայում և հայտնվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում՝ ռուսական ենթակառուցվածքային բիզնեսներում ներգրավվածության համար, նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ քաղաքականություն մտնելու և Ղարաբաղի պետնախարար դառնալու համար: Ենթադրություններ կային, որ նա պահում էր կապերը Կրեմլի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները, վերջին հաշվով, թողեցին, որ ադրբեջանցիները կալանավորեն Վարդանյանին ու տարածաշրջանի մյուս ղեկավարներին:
Արևմուտքում բարձր դիրքեր զբաղեցնող ընկերներ. Unilever ընկերության նախկին ղեկավար Փոլ Փոլմանը և Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այն մարդկանց թվում են, որոնք ակտիվ քարոզչություն են իրականացնում Վարդանյանի ու մյուս հայերի ազատ արձակման համար: Նրա գրասենյակը նաև հայտարարել է, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, թեպետ այդ բաղձալի մրցանակը շահելու շանսերը գրեթե զրոյական են՝ հաշվի առնելով նրա ոչ միանշանակ անցյալը:
Ռուսական գործակա՞լ. Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ադրբեջանում կատաղել են այդ առաջադրումից։ Եվ հենց այստեղից էլ սկիզբ է առել PR արշավը, որի շրջանակում Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ աջակցություն են հայտնել այն միջնորդությանը, որը կոչ է անում Նոբելյան մրցանակի կոմիտեին՝ Վարդանյանին ճանաչել որպես Ռուսաստանի գործակալ և բացառել նրա թեկնածությունը որպես պոտենցիալ մրցանակակիր:
Եւի՞նչ.Այսպիսով, Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից գործող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը և Կարեն Մելքիոն աջակցություն են հայտնել այդ հեղինակավոր մրցանակից Վարդանյանի թեկնածությունը բացառելու կոչերին։ Սակայն կա միայն մեկ խնդիր. այդ քաղաքական գործիչները POLITICO-ին հայտնել են, որ իրենք նման բան չեն արել՝ ենթադրելով, որ իրենց խոսքերը միտումնավոր կերպով հանվել են կոնտեքստից և ներկայացվել են որպես աջակցություն Ադրբեջանի թեզերին:
Կտրուկ հերքում. «Ես մասնակցել եմ այդ միջոցառմանը այն հիմքով, որ այն վերաբերում էր ռուսական ապատեղեկատվությանը», — ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր ֆոն Կրամոն-Տաուբադելը: «Ամոթալի է, որ այդ միջոցառումը, թերևս, օգտագործվում է ադրբեջանական ապատեղեկատվության համար։ Ես չեմ աջակցել որևէ համատեղ հայտարարության և չէի մասնակցի դրան, եթե այն որևէ կապ ունենար Ադրբեջանի դեսպանատան հետ»,-ասել է գերմանացի օրենսդիրը։ Դանիացի օրենսդիր ՄելքիոնևսPOLITICO-ին ասել է, որ ինքը ոչ ստորագրել է որևէ հայտարարություն, ոչ էլ մտադիր է եղել:
Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ ակումբը որևէ մասնակցություն է ունեցել նմանօրինակ լոբբիստական միջոցառմանը վստահելու առումով: «Յուրաքանչյուր ոք կարող է ամրագրել մեր ակումբը, ինչպես Բրյուսելի ցանկացած հյուրանոց, և մենք տարեկան հարյուրավոր միջոցառումներ ենք ունենում», — ասել է ակումբի աշխատակիցը, որը պատասխանել է POLITICO-ի հեռախոսային հարցմանը: «Բայց մենք այս միջոցառումների կազմակերպիչները չենք, մենք պարզապես հյուրընկալում ենք դրանք»,-ընդգծել է նա:
Իսկ ի՞նչ է Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնը։ Դե սա ամենևին էլ պարզ չէ: Կազմակերպությունը, կարծես թե, չունի անգլերենով կամ ուկրաիներենով գործող կայք, Ֆեյսբուքի էջն ունի ընդամենը 88 հավանում և Google-ում առկա ընդամենը հինգ հղումներից չորսը ադրբեջանամետ հոդվածներ են, որոնք գրվել են կենտրոնի հիմնադիր Իգոր Չալենկոյի կողմից:
Մտահոգություն առաջացնող երկիր. Ադրբեջանն արդեն քննադատության է ենթարկվում հանածո վառելիքի պաշտպանության և Արևմուտքում ունեցած ազդեցության ցանցի համար, բայց Եվրախորհրդարանի պատգամավորների դիրքորոշումներն ակնհայտորեն խեղաթյուրելը՝ նշանավորվելու է այդ երկրի և Եվրախորհրդարանիմիջև մի նոր ճեղքվածքով»։