Պոլիկլինիկաներում որոշ նեղ մասնագետների կաբինետները գլորվում են դեպի փակում և դրա միակ արդարացումը նախարարի կողմից «ցածր դիմելիություն» կոչվածն է․ ահազանգում է «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։
«Մի փոքր մանրամասնեմ, թե ինչ պարտականություններ ունեն վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կաբինետները և այնտեղ աշխատող մասնագետները՝
1. Վարակիչ հիվանդությունների վաղ ախտորոշում և բուժում
2. Վարակների վերահսկում և կանխարգելում
3. Կոնտակտային անձանց վերահսկում
4. Իմունոպրոֆիլակտիկա (սա արդեն հանձնված է ընտանեկան բժիշկներին)
5. Քրոնիկ ինֆեկցիաների կառավարում (օրինակ՝ Հեպատիտ B,C, HIV և այլն)
6. Համաճարակաբանական հսկողություն
7. Կրթական և խորհրդատվական դեր
Այս ամենը արվում է բնակչության առողջությունը պահպանելու և հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար և, ինչպես տեսնում եք, բացի «պացիենտ ընդունելուց» և «այցերի քանակ ապահովելուց», ինֆեկցիոնիստներն ունեն մի շարք կարևոր գործառույթներ…
Սակայն, առողջապահության նախարարը կարծում է, որ այս գործառույթները կարող է պատվիրակել մեր այլ կոլեգաներին, ովքեր չունեն նեղ մասնագիտացված կրթություն և շատ մասնագիտական նրբություններ կան, որոնց չեն տիրապետում: Ցավալի գործընթաց է, որը կարելի է կասեցնել միայն բուժաշխատողների չվախենալու և համախմբվելու պարագայում, իսկ բուժաշխատողները դեռ հույսեր են փայփայում, որ ինչ-որ բան կփոխվի…
Իրոք՝ ի՞նչն է խանգարում իրավաբանին ինֆեկցիոնիստի աշխատանքը հանձնարարել օրթոպեդին, ստոմատոլոգին կամ ընտանեկան բժշկին…
Նման տրամաբանությամբ հրշեջներին պետք է վարձատրեն հանգցրած հրդեհների, իսկ ոստիկաններին՝ բացահայտած հանցագործությունների քանակի (չափազանց ցածր ցուցանիշ է) հիման վրա»:





