ՔՊ-ական վերնախավը սևեռվել է «Մեր ձևով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանի վրա՝ արժեզրկելու նրա այն միտքը, որ իրենց իշխանության օրոք վարչապետը կաշխատի սիմվոլիկ՝ մեկ դրամ աշխատավարձով։ Նարեկ Կարապետյանն սա ասել էր՝ ի պատասխան պետական բյուջեից միայն դեկտեմբեր ամսին պետական պաշտոնյաներին բաժանված տասնյակ միլիարդավոր դրամներ կազմող աստղաբաշխական պարգևավճարների մասին տեղեկությունների գաղտնազերծումից հետո, որից ամենաշատը բաժին էր հասել բնականաբար վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։ Դե ինչպես կարող են փողն ու հարստությունը միակ կուռք և պաշտամունք սարքած մարդիկ ծաղրի չենթարկել պետությանն ու հասարակության անշահախնդրորեն ծառայելու մյուսների պատրաստակամությունը, մի բան, որ իրենք ոչ ունեցել են և ոչ էլ երբևէ կունենան։
Երբ Խորհրդային Միությունը նոր էր փլուզվել, ու Հայաստանը նոր-նոր անկախանում էր, կամ համենայնդեպս մեզ այդպես էր թվում, շատերն ասում էին, որ մեզ համար դժվար կլինի անկախ պետություն կառուցել, քանի որ մենք Կիլիկիայի հայկական թագավորության կործանումից հետո՝ վեց հարյուր տարի շարունակ, զրկված լինելով պետություն ունենալուց՝ զրկվել ենք նաև պետական մտածողությունից, իսկ առանց դրա պետություն կառուցելն ու պետություն պահելը չափազանց դժվար է լինելու։ Այն ժամանակ այն միտքն էր թե պտտվում` ինչ է պետական մտածողությունը, որը մենք կորցրել ենք, և ինչպես է այն հնարավոր գտնել, որ կարողանանք մենք էլ մյուս ազգերի նման պետություն ունենալ ու երկար ժամանակ չէինք գտնում դրա պատասխանը։ Հետո միայն հասկացանք, որ պետական մտածողությունը և դրա գոյությունը կամ բացակայությունը չափման մի միավոր ունի՝ տվյալ ազգի էլիտայի համար ո՞րն է կարևոր՝ անձնական, թե պետական շահը։ Եթե առաջնահերթն անհատական շահն է, գործ ունենք պետական մտածողության իսպառ բացակայության հետ, եթե մարդը, անհատը և մարդկանց խումբն այնքան է հասունացել, որ ընդունակ է հաղթահարել անձնական շահից ունեցած կախվածությունը, և մտածել ընդհանուրի մասին՝ գիտակցեով իր կապն այդ ընդհանուրի հետ, ուրեմն կա պետական մտածողություն։ Բերենք մի օրինակ, որին բախվում են բոլոր պետական պաշտոնյաները, այդ թվում թյուրիմացաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։ Ենթադրենք՝ բյուջեից հատկացվել է մեկ միլիարդ դրամ որևէ ճանապարհ կառուցելու համար։ Եթե այդ գումարն ամբողջությամբ ծախսվի ճանապարհի կառուցման համար, ապա այն կլինի որակյալ և երկար տարիներ կծառայի հասարակությանը և պետությանը։ Բայց եթե դրանից գողանան վարչապետը, փոխվարչապետերը, տարածքային կառավարման նախարարը, մարզպետը, ճանապարհ կառուցողը՝ տակը կմնա մի չնչին գումար, որով կառուցված ճանապարհը շատ կարճ կյանք կունենա, ինչի ականատեսն ենք Հայաստանում, և ոչ միայն այս իշխանության օրոք։
Աշխարհում գոյություն ունի այսպիսի մի հասկացություն՝ պանսիոնարություն․ հայերի մի մասի համար խորթ է ոչ միայն բառը, այլև՝ գաղափարը։ Իսկ գաղափարի ամբողջ իմաստը անձնազոհությունն է, դրան գնալու պատրաստակամությունը, այն գիտակցումը, որ դու կարող ես ինչ-որ բան անել ոչ թե անձնական շահի կամ անձնական հարստացման, այլ՝ հանուն հասարակության, հանուն համընդհանուրի բարօրության։
Հայաստանում իշխանությունը զրկված է այդ պանսիոնարությունից, նրանք բացի անձնականից, ընդունակ չեն մտածել հանրային բարիքի մասին։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ական ուսապարկեր՝ Վահագն Ալեքսանյանը, Գևորգ Պապոյանը, Էդուրադ Աղաջանյանը և մյուսները փորձում են քննարկման առարկա դարձնել մի բան, որը իրենց գիտակցությանը հասու չէ՝ հանրային ծառայությունը։ Նիկոլ Փաշինյանն ու իր փոքր խմբակը համոզված են, որ այն, ինչ իրենք անում են՝ ենթակա է ոչ միայն բարձր վճարման, այլ հավելյալ պարգևատրման, չնայած որ դրա արդյունքը կատարյալ ձախողումն ու կործանումն է։ Այս մարդիկ իրենց գիտակցական կամ անգիտակցական կյանքում որևէ հանրային՝ չվարձատրվող աշխատանք չեն արել, Փաշինյանն իշխանության գալուց հետո ասաց, թե մտադիր են տաս միլիոն ծառ տնկել, բայց նույնիսկ դրա մեկ տոկոսը չտնկեցին, չնայած իր իշխանության օրոք հարյուր հազարավոր ծառեր հատվեցին ու հրդեհի զոհ դարձան։ Գիտեք՝ ինչո՞ւ, նույն պատճառով․ դա չէր նպաստելու իրենց անձնական հարստացմանը։ Իրենք ութ տարի իշխանության լինելով և հասարակությունից միլիարդավոր դրամներ ստանալով՝ մի դրամ, մի լումա չեն վերադարձրել հասարակությանը, ուրեմն ինչո՞ւ նրանք չպետք չքննադատեն Նարեկ Կարապետյանին կամ Սամվել Կարապետյանին, ովքեր պետությունց չստանալով ոչինչ, հարյուր միլիարդավոր դրամներ են նվիրաբերել հանրային խնդիրների լուծմանը։
ArmLife.am


