Search
Close this search box.

Պնդումները, թե Հայաստանը, իբր, համաձայնել է, որ որևէ 3-րդ երկիր ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, չեն համապատասխանում իրականությանը. Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։ Այս մասին Կազանում «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։

«Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը», — ասել է Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Երևանը Բաքվին առաջարկել է Նախիջևանի հետ կապի ապահովման համար սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներ կիրառել:

«Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային վերահսկման մեխանիզմների ընթացակարգերի պարզեցում, ինչպես նաև անվտանգության հավելյալ միջոցների ձեռնարկում՝ հաշվի առնելով մեր երկրների օրենսդրությունն ու ինքնիշխանության նկատմամբ լիարժեք հարգանքը», — ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իր տարածքով միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների և խողովակաշարերի անցմամբ և պատրաստ է ինքնուրույն ապահովել դրանց անվտանգությունը։

«Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ Հայաստանն ի վիճակի է և լիարժեք կապահովի իր տարածքով մարդկանց, բեռների փոխադրումների անվտանգությունը: Մենք դա երաշխավորում ենք: Բոլոր պնդումներն առ այն, որ Հայաստանը, իբրև, համաձայնել է, որ որևէ 3-րդ երկիր ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, կամ որ դա նշված է որևէ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը», — ասել է վարչապետը։