Սերժ Սարգսյանի լայնածավալ հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում առավոտից գրառումներ է կատարում, որոնք ներկայացնում ենք ստորև․
Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։
***
Ուշադրություն
Մտածեցի մեր քաղաքացիները կնեղվեն, որ ՏՊԼ–ին, ՔՌ–ին եւ ՍՍ–ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։
Համաձայն եմ, արդար չի։
Հետեւաբար՝ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։
Ի՞նչ է պետք անել նման ձեւաչափով ցուցադրությանը մասնակցելու համար․
1․ Կազմել մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների ցուցակ՝ անձնագրային տվյալներով եւ ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին։
2․ Նշել խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի ճշգրտման համար։
3․ Ցուցադրության օրը նշանակվելու է Կառավարության ներկայացուցչի կողմից։
Ցուցադրությունը կկազմակերպվի պատշաճ ցուցակի ձեւավորումից եւ նշված էլ․ փոստի հասցեով ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում։
***
Լավ, բանավեճի չեք գալիս, չեք գալիս։ Եկեք տանեմ ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։
Մենակ էն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի։
***
ՍՍ–ն փորձել է տպավորություն ստեղծել, թե 2018–2020 թվականների ընթացքում մենք բանակը կազմաքանդել ենք, դրա համեր էլ եղել է այն, ինչ եղել է։
Հիմա մի մեջբերում ՍՍ–ի հայտարարությունից, որ նա արել է 2018թ․ ապրիլի 17–ին ԱԺ ամբիոնից, որպես վարչապետի թեկնածու, նախորդիվ խոսելով այն մասին, որ Ադրբեջանը մեծ հավանականությամբ փորձելու է պատերազմով լուծել ԼՂ հարցը։
Մեջբերում ՍՍ–ի 2018թ․ ապրիլի 17–ի խոսքից․ «Հաջորդ դասն այն է, որ մենք շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։
Բա եթե 2020–ից հետո բանակի մասին ասածներիդ թեկուզ մի փոքր մասը ճիշտ էր, դու 2018–ին ուրիշ բան պիտի ասեիր։ Պիտի ասեիր, «մենք շատ երկար ժամանակ ամենամեծ ուշադրությունն ենք դարձրել մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։
Բա ինչու՞ էդպես չես ասել, որովհետեւ իմացել ես, որ բանակի փոխարեն բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես 2018 թվականի դրությամբ եւ ոչ թե բանակ։
Հ․Գ․ Չարթնացնեք, թողեք հանգիստ քնի։
***
ՍՍ–ն էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։
Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչեւ տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաեւ մի քանի հրապարակային թղթեր։
Նաեւ քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։ Որ զարթնես, ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ խաբար արա։




