Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այո‘, Ադրբեջանը փորձում է դառնալ Հարավային Կովկասում ապագա անվտանգային ճարտարապետության մոդերատոր, ինչի համար պատրաստ է ցանկացած մակարդակում հարաբերվել ցանկացած երկրի հետ։
Ըստ էության, դրանով Ադրբեջանը լուծում է երկարաժամկետ հեռանկարում ո’չ միայն Հայաստանի հնարավոր ուժեղացմանն հակազդելու հարց, այլև դառնալու թյուրքական աշխարհի հիմնական խաղացողը, այդ դերը պոկելով նաև Անկարայից։
Անկարայի ՆԱՏՕ-ական լինելու հանգամանքը խանգարում է ռուս-թուրքական առավել սերտացմանը, իսկ այդ հանգամանքը չկա ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեջ, հետևաբար այս իրավիճակում Ռուսաստանը փորձում է այլևս պայմանավորվածություններ ձեռք բերել հենց Բաքվի հետ…
Հայաստանի դերը այս պարագայում առավել քան մշուշոտ է, քանի որ արտատարածաշրջանային ցանկացած դերակատար վաղ թե ուշ հեռանալու է, իսկ տարածաշրջանում մնալու են տարածաշրջանի երկրները։ Եվ պատահական չէ, որ ես այնքան ջանադրորեն առաջարկում եմ Հայաստան-Իրան-Հնդկաստան տանդեմի ստեղծումը։
Ժամանակի ընթացքում հնարավոր է, որ այլևս դա հնարավոր չլինի, կախված Հայաստանի վարքագծից և միջազգային հարաբերությունների փոխակերպումներից, իսկ դա կլինի աղետ հայակական կենսունակ պետականության համար…»։