ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ պատրաստվում է մարզային հերթական այցին: Նախարարն այսօր լինելու է Արարատի մարզում:
«Ես ինքս ինձ համար որոշել եմ, որ պետք է լինեմ մեր բոլոր տարածքային կենտրոններում ՄՍԾ-ների, նախարարության ենթակա հիմնարկներում, նաև այն բոլոր ՀԿ-ներում և այլ կազմակերպություններում, որոնք ծառայություններ են մատուցում մեր կողմից տրամադրվող դրամաշնորհներով:
Այս որոշումը պատահական չէ, մենք հաճախ առնչվում ենք մի երևույթի, երբ կարծես 2e անջրպետ կա Երևանում որոշում կայացնողների և տեղերում իրավիճակի»,- ասել է նախարարը:
«Օրինակ, երբ մի քաղաքացի կամ մի կազմակերպություն խնդիր է ունենում և այդ խնդրով դիմում են նախարարությանը, ստանում են ստանդարտ պատասխաններ, բայց չի զգացվում այն կապը, որ պետք է լիներ այդ երկու մարմինների միջև՝ տեղում ծառայություններ մատուցողի, որը հաճախ քաղաքացիների հետ է շփվում և նաև այն փաստաթղթային որոշում կայացնողների, որոնք որ նստում են Երևանում, կոնկրետ մեր դեպքում աշխատանք և սոցիալական հարցերի նախարարությունում։
Ես ինքս իմ համար որոշել եմ, որ այդ անջրպետը վերացնելու մեխանիզմ պետք է լինի, ինքս դա անում եմ, և նաև որոշել եմ, որ այսուհետ, որ մեր նախարարության ամբողջ ղեկավար անձնակազմը՝ տեղակալներ, խորհրդականներ, վարչության պետեր, բաժնի պետեր, պետք է լինեն մեր բոլոր ծառայություններ մատուցող կետերում Հայաստանի Հանրապետությունում։
Դա իմ հանձնարարականն է եղել մի քանի օր առաջ, որը մոտակա մեկ տարվա մեջ պետք է իրականացվի, որովհետև ահռելի ծավալ է, դա մոտ 100 կազմակերպություն կարող է լինել և մի քանի տասնյակ, որոնք որ պետք է այդ այցելությունները իրականացնեն։
Ես հաճախ ես ստանում եմ նամակներ քաղաքացիներից, մինչև այդ դիմած են լինում բազմաթիվ մեր այլ գործընկերների, և հիմնականում այդ նամակները ստանդարտ պատասխաններ են ունենում՝ հղումներ կատարելով օրենքներին, բայց երբ որ ես միջամտում եմ անձամբ, դրանց մի մասը սկսում են լուծվել։
Դա նրանից է, որ ես փորձում եմ մտնել այդ մարդու, ընտանիքի կամ կազմակերպության դրության մեջ։ Ես հիմա ուզում եմ, որ մենք բոլորս, մեր նախարարության ամբողջ անձնակազմը մտնի յուրաքանչյուր քաղաքացու դրության մեջ, որովհետև այլ պարագայում իմաստ չունի մեր գործունեությունը, մենք հենց այդպես պետք է առաջնորդվենք։ Այնպես որ սկսում ենք մեր հերթական մարզային այցը, այս շաբաթ ևս երկու մարզ ենք այցելելու, ամբողջ օրը գրեթե լինելու ենք մարզերում, շփվելու ենք մեր աշխատակիցների հետ, ինչպես նաև մեր քաղաքացիների հետ»,–ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյությում:




