Խցանումների կառավարման տեսանկյունից մենք պետք է մարդատար ավտոմեքենաներից մարդկանց տեղափոխենք դեպի հանրային տրանսպորտ: Սրա մասին է Աջափնյակի կայարանի կառուցումը, նոր գնվող 45 տրոլեյբուսները, 250 ավտոբուսների գնումը՝ որն իրականացվելու է 2 տարի հետո: Կարծում եմ՝ 3-5 տարի հետո ունենալու ենք վերջնականացված հանրային տրանսպորտի բարեփոխում, ամբողջական շարժակազմ ու ընթացքի մեջ գտնվող Աջափնյակի կայարանի շինարարություն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Անդրադառնալով Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծի մասին քննարկումներին՝ Ավինյանը նշեց, որ Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծը բոլոր փորձաքննությունները անցած և պատրաստ է:
«Հաջորդ տարի արդեն պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում, որով մենք ներգրավվելու ենք ինժեներական տեխհսկող, ով ունի այս տեսակ ծրագրեր կառավարելու փորձ: Մեր օրենսդրությունը նախկինում այս որակի ու բարդության նախագծի հետ առնչություն չի ունեցել, ժամանակային հետաձգումները դրա հետ են կապված: Դրա համար ավելի լավ է մի փոքր ավելի ժամանակ ծախսենք նախագծային փուլերի վրա, որպեսզի հետագայում շինարարության ընթացքում կարողանանք որակային ու ժամանակային տեսանկյունից կառավարումը պահել վերահսկողության տակ»:
Խոսելով տրանսպորտի որակի մասին՝ քաղաքապետը շեշտեց, որ ամեն տարի նոր ծրագիր են իրականացնում բարեփոխման հասնելու նպատակով: Այս տարի դա եղել է 45 ավտոբուսների գնման առումով կնքված պայմանագիրը. «Դրանք մատակարարվելու են ու մտնելու են գծեր 2026 թվականի առաջին կիսամյակում: Տրոլեյբուսային ցանցի հին շարժակազմը՝ հին տրոլեյբուսները, դուրս են գալու»:




