Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 7–րդ նիստը։ Ներկայացվել և քննարկվել են ջրամբարաշինության 5 նախագծեր։
Փաշինյանը կարևորել է նախագծերի իրականացումը և նշել, որ գլոբալ պրոցեսները գնում են այնպես, որ մոտեցումը պետք է լինի հետևյալը․ այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել: «Մենք չգիտենք՝ 10 տարի հետո ջրի գինն ինչ է լինելու և ջրի նշանակությունը: Չնայած վստահությամբ գիտենք, որ աճելու է, չի նվազելու, տարբերակ չկա, որ ջրի գինը, արժեքը կամ նշանակությունը նվազի: Այդպիսի սցենար ընդհանրապես գոյություն չունի: Եվ հետևաբար, իմ ընկալումը հետևյալն է՝ այնտեղ, որտեղ հնարավոր է ջուրը կուտակել՝ ջուրը կուտակել, որովհետև այնտեղ, որտեղ կա ջուր, վստահ եմ՝ դրա շուրջ որևէ տնտեսական գործունեություն կծավալվի»,– նշել է նա։




