Մոսկվան հույս ունի, որ Բաքվի չափազանց էմոցիոնալ արձագանքը կփոխարինվի ուղիղ հաղորդակցմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությունը Բաքվում։
«Մենք կարծում ենք, որ այս ամեն դեպում էմոցիոնալ, չափազանց էմոցիոնալ արձագանքը կփոխարինվի ուղիղ հաղորդակցմամբ, որի ընթացքում բոլոր հարցերին պատասխան կտրվի», – ասել է Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ նման միջոցառումները չեն համապատասխանում ընդհանուր ընդունված նորմերին և երկրների միջև հարաբերությունների ոգուն։
«Իհարկե, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ նման միջոցառումները բացարձակապես չեն համապատասխանում ընդհանուր ընդունված կանոններին և նորմերին։ Եվ, իհարկե, դրանք չեն համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն և բնույթին», — ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ` հունիսի 30–ին, Ադրբեջանի ՆԳՆ–ն հայտարարել էր Բաքվում Sputnik Ադրբեջանի գրասենյակում «գործողություն» իրականացնելու մասին։ Մոսկվայում Sputnik գործակալությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ խմբագրության հետ կապ չեն կարողանում հաստատել։ Շենքի դիմաց կանգնած են եղել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության պարեկային մեքենաներ, ինչպես նաև մգեցված ապակիներով սև միկրոավտոբուսներ։
Ավելի ուշ Sputnik–ը հայտնել էր, որ Բաքվի ուժայինները անհեթեթ մեղադրանքներով ձերբակալել են երկու ռուսաստանցի լրագրողների՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության տնօրեն Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Տեղական ԶԼՄ–ների փոխանցմամբ` գործակալությունից նշել են, որ աշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել, իբր, որ նրանք «ԱԴԾ գործակալներ» են։
Անարդարություն է. Կիսելյովը՝ Բաքվում Sputnik-ի ներկայացուցիչների հետ տեղի ունեցածի մասին
Փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր հանրապետությունում Sputnik գործակալության աշխատանքը դադարեցնելու մտադրության մասին: Sputnik–ի խմբագրությունից հայտնել էին, որ Ադրբեջանում աշխատանքի վերաբերյալ պաշտոնական արգելքներ չեն ստացվել, այս ամբողջ ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների աշխատանքային խմբերի միջև կառուցողական երկխոսություն էր ընթանում հնարավոր տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ: