Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ լիցքավորելիս պայթել է «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից մեկին օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն: Մյուս վիրավորին բժիշկները հետազոտել են, օգնություն են ցուցաբերել, սակայն այս պահին նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Պայթյունի հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Բեջանյանն ու Դավիթ Եգանյանը: Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչոթյուն, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը, ովքեր այնուհետև կժամանեն դեպքի վայր: Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության, Արմավիր ԳԳՄ-ի և քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի ծառայողները:
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գազալցակայանի սեփականատիրոջ, վնասված ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունները: Պայթյունի հետևանքով գազաբալոնի մասը պոկվել ու մոտ 200 մետր շպրտվել է, իսկ վնասված ավտոմեքենաներն են «BMW», «Mercedes Vito», «Lada» և բեռնատար 2 «Գազել»-ներ:




