Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական «Спорт-Экспресс» («СЭ») պարբերականին տված հարցազրույցում խոսել է Եվրոպա հնարավոր տեղափոխության, նախընտրելի առաջնությունների և աշխատավարձի հնարավոր նվազման մասին։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ֆուտբոլիստները պատրաստ են հանուն եվրոպական ակումբի գնալ ֆինանսական զիջումների՝ Սպերցյանը նշել է. «Հաճախ եմ լսում երկրպագուներից, թե մերոնք ոչ մի տեղ չեն գնում, քանի որ այստեղ հսկայական աշխատավարձեր են ստանում, իսկ ֆուտբոլիստներն ասում են, որ պատրաստ են թեկուզ «Էլչե» գնալ։ Ոչ, իհարկե։ Ինքս ինձ համար կարող եմ ասել, որ պատրաստ չեմ գնալ «Էլչե»։ Պատրաստ եմ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ սպասում են, լավ ակումբ, որտեղ ես կխաղամ։ Եվ ինձ բաց չեն թողնի «Էլչե» (ծիծաղում է)։ Դա նույնպես պետք է հասկանալ։ Պատրա՞ստ եմ արդյոք կրկնակի պակաս աշխատավարձ ստանալ հանուն եվրոպական ակումբի։ Կրկնակի՞… Երևի ոչ։ Դա կախված է ակումբից։ Պայմանականորեն գնալ «Էլչե» և կրկնակի կորցնել աշխատավարձի հարցում՝ իհարկե, վախեցնում է»։
Պատասխանելով այն հարցին, թե որ լիգաներն են իրեն ավելի հոգեհարազատ և որտեղ կցանկանար շարունակել կարիերան՝ 25-ամյա ֆուտբոլիստը հավելել է.
«Կստացվի խաղալ, թե ոչ՝ կտեսնենք, եթե տեղափոխվեմ։ Նախասիրություններիցս կարող եմ առանձնացնել Իսպանիան և Իտալիան։ Անգլիա՞ն։ Երևի դա, այնուամենայնիվ, մեկ աստիճան բարձր է։ Ես սկզբունքորեն չեմ վախենում, բայց ավելի լավ է այնտեղ տեղափոխվել որևէ այլ լիգայի միջոցով։ Գլխավորն այն է, որ ես խաղամ, այլ ոչ թե պարզապես գնամ որտեղ պատահի»։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։





