«Պատերազմ է հայտարարված այն բոլոր արժեքներին, որի համար զոհվել են մեր լույսի պես տղաները»,- ասաց հասարակական գործիչ Կարին Տոնոյանը «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովի ժամանակ։ «Ականատես եղանք մեր հայրենիքի վաճառքին՝ ծածկված պատերազմի քողով։ Հետո այդ պատերազմի վախի մահակի տակ լռեցինք, երբ տվեցին Արցախը, տվեցին մեր արժանապատվությունը, մեր վաղվա հավատը և նույնիսկ հանգիստ քունը․․․Ահա հասել են լեզվին․․․Մեզանից այս ամենը վերցրել են հիմա։ Երեկ էլ շատ դաժան դատով, որով թվում էր դատեցին Միքայել Սրբազանին, իրականում դատեցին մեր ազատությունը։ Եթե Միքայել Սրբազանին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման, մեզ սպառնում են ընդհանրապես ազատազրկել, ինչո՞ւ, որովհետև այսօր ՀՀ-ում ականատես ենք վախի իշխանության։ ՀՀ-ում անձնապաշտական վախն է տիրում, եթե այդ վախը չլիներ, այսօր այստեղ ավելի շատ մարդիկ կլինեին։ Ամեն մեկն ունի իր վախի ակունքը, ցավում եմ, բայց մենք այնքան ենք հանդուժելու այս իշխանություններին, քանի չենք ազատվել այդ վախից»,- ասաց Տոնոյանը։