Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․
Middle East Eye պարբերականը հղում անելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարակին, որը նաեւ Սիրիայի հերցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն է, խոսել է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» մասնավոր կառավարման մասին: Ըստ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի, Անկարան է ԱՄՆ-ին արել առաջարկ՝ կառավարման վերցնել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը՝ մասնավոր ընկերության միջոցով, ինչին ԱՄՆ համաձայնել է:
Ըստ Բարակի, Երեւանը լինելով համաձայն, նշել է, որ նույն ռեժիմը պետք է գործի Նախիջեւանով անցնող ճանապարհի նկատմամբ, ինչին Ադրբեջանը չի համաձայնել:
Փաստորեն այն, ինչ ըստ Քարնեգի հիմնադրամի տարածած տեղեկատվության ամերիկյան առաջարկ էր, իրականում եղել է թուրքական առաջարկ, որին ԱՄՆ համաձայնել է, բայց Երեւանը դրել է փոխադարձության պայման, ինչը մերժել է Ադրբեջանը:
Սա է «արտապատվիրակման» այն հայտարարության առարկան, որի մասին հուլիսի 10-ին Երեւանում խոսել էր փոխարտգործնախարար Սաֆարյանը: Ի դեպ, ես, այդ խոսքին հաջորդած հանրային մեծ աղմուկի ֆոնին ուշադրություն հրավիրեցի հենց ձեւակերպմանը, որ արել էր Սաֆարյանը՝ «փոխադարձության սկզբունքի դեպքում»:
Ինչպես նշել էի այդ առիթով, դա նվազագույն մի մոտեցում է, որ Երեւանի համար կարող է լինել մանեւրի միջոց, իսկ միակողմանի «արտապատվիրակումը»՝ պարզապես անընդունելի է եւ նշանակում է ոչ միայն ինքնիշխանության կորուստ, այլ նաեւ Հայաստանի տարածքը ճանաչել որպես վեճի առարկա:
Middle East Eye պարբերականի հրապարակումից ըստ էության պարզ չէ, թե ի վերջո հարցը փա՞կ է այլեւս, թե՞ ոչ: Այստեղ է նաեւ, որ այդուհանդերձ ինձ համար միարժեք չէ, որ այդ առաջարկը կարող է վայելել ԵՄ, եւ առավել եւս Ֆրանսիայի հավանությունը, նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Թրամպի վերաբերմունքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանդեպ: Այս համատեքստում է նաեւ, որ ուշադրություն եմ հրավիրել այդ ֆոնին Մակրոնի Մոսկվա կատարած հեռախոսազանգին:
Թուրքիայի՝ ԱՄՆ-ին ուղղված առաջարկը կարող է լինել Փարիզին ու Մոսկվային, ինչպես նաեւ Թեհրանին «միավորող» հանգամանք: Հատկանշական է, որ Պուտինին զանգից երկու օր առաջ Մակրոնը խոսել էր Իրանի նախագահի հետ:
Ինչ են այսօր խոսել Բրյուսելում Փաշինյանն ու ԵՄ ղեկավարները, եւ ինչ է խոսվելու Ելիսեյան պալատում՝ Մակրոնի հետ: Մի բան անկասկած է՝ խոսակցության առանցքում լինելու է հաղորդուղիների հարցը: