«Փաստ» թերթը գրում է. «Մինչ տարբեր երկրների ներկայացուցիչներ ողջունում են «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը Վաշինգտոնում և հույս հայտնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասով, Հայաստանի հասարակությունը և փորձագիտական հանրությունը շարունակում է հարցեր ուղղել՝ ի՞նչ օգուտ է ստանալու Հայաստանը «Թրամփի ճանապարհի» գործարկումից, և «Խաղաղության պայմանագիր» անունը կրող փաստաթուղթը կարո՞ղ է լիարժեք և կայուն խաղաղության երաշխավոր լինել։
Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունները գնահատելիս պետք է նայել, թե ով ինչ խնդիր էր դնում իր առաջ։ «Նայենք Ադրբեջանի, Ալիևի դիրքերից, թե ինչ է նա շահում, ինչ չի շահում։ Կարծում եմ՝ Ադրբեջանի մասով ամեն ինչ շատ պարզ է։ Ալիևը դա ասում էր պատերազմից հետո «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Զանգեզուրի միջանցք» անվանումը դնենք մի կողմ, նայենք բովանդակությանը, թե ինչի մասին է խոսքը։ Խոսքն այն մասին է, որ Ալիևը ասում է՝ Հայաստա՛ն, դու պարտավոր ես մեզ Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանի հետ կապող ճանապարհ տրամադրել, ու այդ ճանապարհը չպետք է լինի քո վերահսկողության տակ։ Ինչպես պատկերավոր ասում է Ալիևը, ադրբեջանցի ուղևորները և բեռները չպետք է տեսնեն հայ սահմանապահներ։ Հիմա անունները դնենք մի կողմ՝ «Զանգեզուրի միջանցք», «Թրամփի ճանապարհ», ապա ստացվում է, որ Ալիևն առաջին անգամ ստանում է փաստաթուղթ, որի տակ պաշտոնապես կա Հայաստանի ստորագրությունը, Հայաստանի անունից Նիկոլ Փաշինյանը ստորագրում է, որ Հայաստանը, այո՛, ունի պարտավորություն տրամադրել այդ միջանցքը կամ ճանապարհը»,- թերթի հետ զրույցում ասում է Մարգարյանը։
Նրա խոսքով, հետաքրքրական ևս մեկ բան կա, որ այդ ճանապարհը, չգիտես ինչու, կոչվում է ոչ թե, ասենք, Հայաստանի ճանապարհ, այլ «Թրամփի ճանապարհ»։ Վերլուծաբանի կարծիքով, դա նշանակում է, որ Հայաստանը լիարժեք, լիովին չի վերահսկելու այն։
«Հակառակ դեպքում իմաստը ո՞րն է այն կոչել «Թրամփի ճանապարհ»։ Թող անունը դնեին «Նիկոլի ճանապարհ»։ Մյուս կողմից՝ ընդհանրապես տեղյակ չենք այլ հարցերի մասին, օրինակ՝ որտեղով է անցնելու ճանապարհը, ինչ լայնքով է անցնելու ճանապարհը, կոնկրետ ինչ գործառույթներ են վերցնելու իրենց վրա ամերիկացիները, ինչ գործառույթներ են մնում Հայաստանին։ Այս հարցերի պատասխանները դեռևս չկան։ Սա էլ մի կողմ, փաստն առկա է՝ Ադրբեջանը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անունից ստորագրեց, որ Հայաստանն ունի այդպիսի պարտավորություն։ Փաշինյանի թիմակիցները, ինքը՝ Փաշինյանը, ասում են՝ Հայաստանը ստանալու է համարժեք արտոնություններ։ Այդ դեպքում ինչո՞ւ են շեշտվում Ադրբեջանը, Նախիջևանը, «Թրամփի ճանապարհը»։ Կարելի էր գրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են բացել կոմունիկացիաները փոխադարձ արտոնություններով և վերջ, բայց քանի որ շեշտված է հենց այդ մասը, ենթադրում ես, որ դա ինչ-որ յուրահատուկ պարտավորություն է Հայաստանի կողմից»,-նշում է մեր զրուցակիցը։»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում