«Բարձրագոչ սկանդալ Հայաստանում. Փաշինյանը ստորացրել է եկեղեցու սպասավորներին», գրում է haqin.az-ը:
Ադրբեջանական մամուլն առավոտից հեղեղված է Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հակաեկեղեցական գրառումներով:
Haqin.az-ը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իրենց էջերում մի քանի կոշտ և վիրավորական հայտարարություններ են արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, մասնավորապես Փաշինյանը հոգևորականներից մեկին մեղադրում է քեռակնոջ հետ կենակցելու մեջ, նշելով, թե «սրբազանը դոմփում է քեռակնոջը»։ Փաշինյանն իր հրապարակումներում անպարկեշտ արտահայտություններ է օգտագործել՝ պահանջելով, որ հոգևորականներն իրեն հանգիստ թողնեն։ Նա նաև հրապարակավ հարցադրում արեց, թե արդյո՞ք հայ եպիսկոպոսները պահպանում են կուսակրոնության ուխտը։ «Ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն քահանան դրժել է իր կուսակրոնության ուխտը, նրան պետք է պաշտոնից ու կոչումից զրկել»,- ասվում է Փաշինյանի մասին ադրբեջանական ամենամեծ լսարանն ունեցող կայքի հրապարակումներից մեկում։
Մեկ այլ հրապարակման մեջ ադրբեջանական լրատվամիջոցը գրել է, որ ՀՀ վարչապետն անդրադարձել է նաեւ Աննա Հակոբյանի հետ պաշտոնապես ամուսնացած չլինելու մասին խոսակցություններին. «Ոմանք մտահոգված են այն փաստով, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր էլիտայի կեսը նույն վիճակում է, իսկ ոմանց դա չի հետաքրքրում»։ Աննա Հակոբյանն էլ առավոտից սատարում է ամուսնուն՝ իր էջում գրառումներ կատարելով եւ մեղադրելով հոգեւորականներին արդեն տարբեր մեղքերի ու զանցանքների մեջ։ ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնացել սոցցանցերում վարչապետի հայտարարությունները մեկնաբանելուց։ Փաշինյանի կամ նրա կնոջ ֆեյսբուքյան էջերը հնարավոր կոտրելու մասին տեղեկություն չի եղել։ Կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը լրագրողների հարցերին չի պատասխանում։ Փաշինյանի և եկեղեցու հարաբերությունները վերջին տարիներին շարունակում են լարված մնալ: Հակամարտությունը սրվեց, երբ Էջմիածինը բացահայտորեն կոչ արեց վարչապետին հրաժարական տալ` սուր քննադատության ենթարկելով նրա քաղաքականությունը: Ի պատասխան՝ Փաշինյանը բազմիցս հանդես է եկել եկեղեցու դեմ հայտարարություններով, իսկ անցյալ տարի վերջինս եկեղեցին անվանել է «արտաքին ազդեցության գործակալական ցանց»։ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստում հայտարարեց, որ հանրապետության բոլոր եկեղեցիները «չուլան» են, և որ բոլոր ավելորդ բաները պահվում են եկեղեցիներում, ինչպես նաև զարմացել է, թե «որքան կարելի է սուտ լինել, սրբի մասին խոսել և աթեիստ լինել, ոտնահարել սրբությունները»։
Ահա այսպես է անդրադառնում haqin.az-ը այսօրվա հայաստանյան սկանդալին եւ վարչապետական ընտանիքի պահվածքին։