Ինձ համար մի բան է բամբասանքի ժանրին նմանվող ինչ-որ մի բան, և բոլորովին ուրիշ բան է ապացուցելի փաստը. երբ որ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, այսինքն ես արդեն չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է ես վերաբերվեմ այս ամեն ինչին և ինձ համար պարզ էր, որ ես այդ ամեն ինչին պետք է վերաբերվեմ համաձայն Հայ առաքելական եկեղեցու ավանդի և կանոնների։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում այսօր ընդդիմության ներկայացուցիչները ասում են՝ եկել ենք կուսության հարց ենք քննարկում։ Հարգելիներ կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց, որովհետեւ 356 թվականին տեղի է ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը և պետք է ղեկավարի եկեղեցին»,–ասաց նա։
Փաշինյանը մի հատված կարդաց եկեղեցական կանոնագրքերից. «Նրանց մասին, որոնք չափահաս են դառնում և խոստանում են կուսությունը պահել և դրժում են խոստումը՝ շնություն անելով, այլևս կույս չեն կարող համարվել։ Այսինքն կույս չեն կարող համարվել, կուսակրոն չեն կարող համարվել, եպիսկոպոս չեն կարող համարվել, աբեղա չեն կարող համարվել, վարդապետ չեն կարող համարվել, կաթողիկոս չեն կարող համարվել, որովհետև այդ բոլոր պաշտոնների համար պարտադիր է կուսակրոնության ուխտը։ Այլևս կույս չեն կարող համարվել, այլ նրանց նման կլինեն, որոնք երկու կին ունեն։ Եվ նրանց համար սահմանվելու է երկու տարի ապաշխարություն եկեղեցուց դուրս, այսինքն նրանք պետք է դուրս մղվեն եկեղեցուց, և մտնելով եկեղեցի մեկ տարի ապաշխարողների հետ լինեն, տեսնել ապաշխարության ջերմությունը և հաղորդ լինել օրենքներին, բայց քահանայության օծմանը չպետք է մերձենան։ Այսինքն քահանայական գործունեությունը արգելված է նրանց իրականացնել։
Այս կանոնը Հայ առաքելական եկեղեցու արդարադատության նախարարությունում գրանցված կանոնադրությամբ ունի իրավական, պարտադիր իրավական ուժ հոգևոր պաշտոնյաների համար»,–ասաց Փաշինյանը։
Նա նկատեց, որ ըստ այս կանոնների, Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ. «Ինքը իրավունք չունի հաղորդակցվել մեր եկեղեցու սրբությունների հետ։ Կանոնը ասում է՝ դուրս պիտի մղվի եկեղեցուց, և նրա կողմից սրբություններին դիպչելը անգամ սրբապղծություն է։
Ընդիմությունը մի ուրիշ բան էլ էր ասում, ասում են՝ եկել են, եկեղեցու ներքին գործերին խառնվում են։ Ժողովուրդ ջան դա մեր եկեղեցին է, ո՞նց ենք մենք մեր եկեղեցու ներքին գործերին խառնվում»։