2025թ. փետրվարի 10-ին Արցախի Հանրապետությունն Ադրբեջան անունով օկուպանտ, ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հոդված, որտեղ, մասնավորապես, գրել է. «Բազմիցս հայտարարել եմ, եւ հիմա էլ հարկ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով:
Այս թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրվել է որպես երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացի բազային սկզբունք:»:
Մեջբերվածի առնչությամբ հարկ է նկատել հետևյալը:
• 2022թ. հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Պրահայում ստորագրել են հայտարարություն, որտեղ, մասնավորաբար, արձանագրված է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:»:
Պրահայում ստորագրված հայտարարությունից բերված մեջբերումը հիմք ընդունելով՝ դժվար է ուղղակիորեն պնդել, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի կազմում, քանի որ հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքի չափի, այդ տարածքի մեջ Արցախի Հանրապետությունը ներառված կամ չներառված լինելու մասին որևէ արձանագրում չկա:
Սակայն, անուղղակիորեն կարելի է պնդել, որ ստորագրելով Պրահայի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս:
Սակայն, 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ստորագրած հայտարարությունից միարժեքորեն բխում է, որ հիշյալ փաստաթղթով Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս, քանզի տվյալ հայտարարության մեջ, մասնավորաբար, արձանագրված է. «Ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով:»:
Անհրաժեշտ է նշել, որ 86.600կմ2 մակերես ունեցել է ոչ թե Ադրբեջանի Հանրապետությունը, այլ՝ Խորհրդային Ադրբեջանը, որի մեջ ներառված է եղել նաև 1921թ. հուլիսի 5-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի՝ երրորդ երկրի կուսակցական մարմնի, չքննարկված և քվեարկության չդրված, սակայն «ընդունված» ապօրինի որոշման արդյունքում Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ բռնությամբ մտցված Արցախի Լեռնային մասը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ կարգավիճակով:
• Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող դրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման հարցի կարգավորման հիմքում: Բանն այն է, որ 1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում ԽՍՀՄ 15 միութենական հանրապետություններից 11-ի ղեկավարների ստորագրած հռչակագրի մեջ, մասնավորապես, արձանագրված է. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»:
Մեջբերումից պարզվում է, որ փաստաթղթով նկատի են առնվել այն սահմանները, որոնք Խորհրդային Միության անդամ պետություններն ունեցել են ԽՍՀՄ-ում գտնվելու տարիներին, այսինքն` խոսքը վերաբերում է նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը: Սակայն, սույն ձևակերպումը չի կարող վերաբերել Ադրբեջանին: Ինչո՞ւ:
Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:
Իսկ ունեցե՞լ է արդյոք 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Պատասխանն ավելի քան միարժեք է՝ ՈՉ, քանզի 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը եղել է միջազգայնորեն չճանաչված: Ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի 4-րդ և 5-րդ կոմիտեները 1920թ. դեկտեմբերի 1-ին բացասական եզրակացություն են տվել Ազգերի լիգային անդամակցելու մասին Ադրբեջանի Հանրապետության 1920թ. նոյեմբերի 1-ի գրավոր դիմումին: Եվ Ադրբեջանի անդամակցությունն Ազգերի լիգային մերժվել է ու այդպես էլ չունենալով հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ Ադրբեջանի Հանրապետությունը 1920թ. ապրիլի 28-ին լքել է աշխարհի քաղաքական քարտեզը որպես դե ֆակտո պետություն, որի իրավահաջորդը հանդիսանում է ներկայիս Ադրբեջանը:
Հարկ է նշել նաև, որ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է դե ֆակտո գրեթե չորս ամսվա, իսկ դե յուրե 11 օրվա անկախ պետություն:
• 2025թ. փետրվարի 10-ին հրապարակած հոդվածով Նիկոլ Փաշինյանը փաստում է, որ կոպտորեն խախտել է Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մի շարք ներպետական իրավական ակտեր, այդ թվում և իր պաշտոնավարման ընթացքում իր գիտությամբ ու հավանությամբ ընդունված բազմաթիվ փաստաթղթեր, հատկապես 2020թ. հուլիսին ընդունված և հրապարակված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը, 2021թ. հուլիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների առիթով ընդունված և հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, 2021թ. օգոստոսի 26-ին ընդունված և հրապարակված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածի առնչությամբ անհրաժեշտ է հիշել նաև մի շատ կարևոր փաստաթուղթ, որտեղ Հայաստանի Հանրապետությունն Արցախի առնությամբ ստանձնել է անսակարկելի և միարժեք հանձնառություն: 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից Արցախի Հանրապետության վերաբերյալ ընդունված որոշման մեջ, մասնավորապես, արձանագրված է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:»:
Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ փաստերի ու փաստաթղթերի հիման վրա կատարված վերլուծության վրա՝ հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց, կամ նրա իշխանությունից հեռանալուց և ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն ու կարողություն ունեցող Հայաստանի Հանրապետության նոր վարչակազմի ձևավորումից հետո Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով՝ որպես անառարկելի ապացույց ճանաչելու նաև 2025թ. փետրվարի 10-ին իր իսկ հեղինակած վերոհիշյալ հոդվածը:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ