Փաշինյանը պետք է հասցնի մինչեւ 2026 թվականը, ունեզրկել իր իշխանության հավանական հակառակորդ քաղաքական գործիչներին և գործարարներին

Ինչպե՞ս պահել իշխանությունը, եթե չունես որեւէ վարկանիշ. հիմա այս հարցի պատասխանն են փորձում տալ իշխանության ներկայացուցիչները: Ինչպես արդեն գրել ենք, նախորդ մեխանիզմը` տարբեր կեղծ ընդդիմադիր ուժերի միջոցով ձայներ փախցնել, հետո ձեւավորել մեծամասնություն, այլեւս չի աշխատում: Զրոյական վարկանիշը հնարավոր չէ բարձրացնել, դա անլուծելի խնդիր է: Բայց մարդկանց այն խումբը, որն իրեն համարում է իշխանություն, քանի որ տիրապետում է բռնության եւ հարկադրանքի լծակներին, հասկանում է, որ այդ լծակները չկորցնելը դարձել է կենսաբանական գոյությունը պահելուն համարժեք: Հիմա նրանք մտածում են, թե ինչպես կարելի է զրոյական վարկանիշի պայմաններում չկորցնել այն, ինչն իրենք համարում են իշխանություն` հաղթել ընտրություններում: Առաջարկվող ամենաարդյունավետ լուծումն այս պահին սեփականության տոտալ վերաբաշխումն է՝ խլել սեփականությունը ներկայիս սեփականատերերից եւ այն հանձնել իրենց հավատարիմ մարդկանց, այն մարդկանց, ովքեր հնազանդորեն կծառայեն իրենց: 

Փաշինյանի եւ նրա մերձավորների տրամաբանությամբ՝ եթե Հայաստանում ամբողջ սեփականությունը, ինչը նշանակում է նաեւ ֆինանսական հոսքեր, վերահսկվեն իրենց կողմից, ապա որեւէ մեկը չի կարող իրենց մարտահրավեր նետել, չի կարող ընտրություններում հաջողություն ունենալ: Ի վերջո, ընտրությունը նաեւ ֆինանսական հնարավորությունների պայքար է, առանց փողի ընտրություններում ոչ միայն հնարավոր չէ հաղթել, այլեւ՝ նույնիսկ մասնակցել: Օրինակ, եթե Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը կամ Փարաքարում հաղթած Վոլոդյա Գրիգորյանը լինեին աղքատներ` ունեզուրկ եւ սեփականազուրկ մարդիկ, ոչ մի կերպ չէին կարող հաղթել ՔՊ թեկնածուներին: Պետք է ունեզրկել բոլոր հնարավոր հակառակորդներին․ սա է ՔՊ-ի փրկության միակ տարբերակը: 

Դեռեւս մինչեւ Գյումրու եւ Փարաքարի ընտրությունները արեւմտյան հովանավորների ցուցումով եւ աջակցությամբ ՔՊ-ն ստեղծել էր, այսպես կոչված, ապօրինի գույքի բռնագանձման օրենսդրական դաշտ եւ համապատասխան կառույցներ, որոնց նպատակը ոչ թե թալանը հատիկ առ հատիկ վերադարձնելն է, այլ սեփականության վերաբաշխումը` իշխանության վերահսկողության տակ չգտնվող մարդկանցից նրանց սեփականությունը խլելը: Ըստ այդ օրենքների, ցանկացած մարդու սեփականություն կարող է հռչակվել ապօրինի, դրա համար պետք չէ, որ ինչ-որ հիմքեր լինեն, սեփականատերն ինքը պետք է ապացուցի, որ այդ սեփականությունն օրինական է, ձեռք է բերվել, այսպես կոչված, օրինական ճանապարհով աշխատած գումարով: Մի կողմ թողնենք հարցը, որ նման օրենքի եւ դրա կիրառման արդյունքն այն է, որ Հայաստանից հսկայական փող է հոսում արտերկիր` դրան դեռ առիթ կլինի անդրադառնալ: Միայն հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է 5 միլիոնով ամերիկյան անձնագիր եւ քաղաքացիություն տալ ցանկացած օտարերկրացու, որն այդ գումարը կներդնի ամերիկյան տնտեսության մեջ: Աշխարհում փողի եւ ֆինանսական ռեսուրսի որս է, ցանկացած երկիր փորձում է՝ որքան հնարավոր է, շատ ռեսուրս ներգրավել զարգացման համար, Հայաստանի իշխանություն կոչվողները, հակառակը` ամեն ինչ անում են, որ երկրում տնտեսական անկայունության եւ անապահովության մթնոլորտ ստեղծեն, մարդիկ իրենց փողը եւ ունեցվածքը երկրից դուրս տանեն, որի շահառու, ինչպես նշեցինք, նրանց ամերիկյան խորհրդատուներն ու հովանավորներն են: Հայաստանից փողի արտահոսք կա նաեւ Ռուսաստան:

Հայաստանում բիզնեսի դեմ իսկական արշավ է սկսվել. ՊԵԿ-ը տարբեր տնտեսվարողների մոտ ստուգումներ է իրականացնում, հետո հայտարարում են, որ բացահայտել են աստղաբաշխական չափերի թաքցված-չվճարված հարկային եւ մաքսային եկամուտներ, արդյունքում բիզնեսը փակվում է, դրա սեփականատերերը քրեական հետապնդումների վախից փախչում են երկրից, իսկ ձեռնարկությունները մնում են գրեթե անտեր: Սեփականատերը՝ ստիպված, շուկայականից անհամեմատ ավելի պակաս գնով իր ունեցվածքը վաճառում է, մտածելով, որ, միեւնույն է, իր գույքը տնօրինելու եւ տիրապետելու հնարավորություն չի տրվի:

Երեկ կարդացի ՊԵԿ-ի տարածած նմանատիպ մի հաղորդագրություն. «ՊԵԿ-ի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք: Այսպես, օպերատիվ տեղեկություններ էին ձեռք բերվել առ այն, որ ցինկապատ եւ պոլիմերային ծածկույթով թիթեղյա տանիքի ծածկերի, ջրատար խողովակների, գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլների, անկյունակների եւ մի շարք շինարարական նշանակության արտադրանքների արտադրությամբ եւ մանրամեծածախ առեւտրով զբաղվող ՍՊ ընկերությունն իրեն պատկանող առեւտրի սրահներում չի տրամադրում ՀԴՄ կտրոններ, դուրս չի գրում համապատասխան հաշվարկային փաստաթղթեր, ինչի արդյունքում թերհայտարարագրում է իրացման իրական շրջանառությունը, չի հաշվարկում եւ պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ տվյալ ընկերությունը 2014-2024 թթ. ընթացքում թաքցրել է շուրջ 27.5 մլրդ դրամի իրացման շրջանառություն: Արդյունքում, չեն հաշվարկվել եւ պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 8.2 մլրդ դրամի հարկեր»: 

Ուրեմն՝ ՊԵԿ-ը թույլ է տվել, որ այս ընկերությունը, որի անունը չի նշվում, որպեսզի հետագայում չպարզվի, թե ումից ում անցավ, 10 եւ ավելի տարի աշխատի խախտումներով եւ միայն դրանից հետո է բացահայտել կատարված խախտումները եւ նշանակել է աստղաբաշխական՝ 8 միլիարդ դրամից ավելի չվճարված հարկ: Մի՞թե որեւէ ընկերություն կարող է 8 միլիարդ դրամի հարկ վճարել, իհարկե՝ չի կարող: Ի՞նչ է լինելու դրանից հետո` ընկերությունը սնանկանալու է եւ անցնելու է մեկ այլ սեփականատիրոջ: Իսկ ո՞վ ունի ազատ ֆինանսական միջոցներ, իհարկե՝ իշխանության հետ փոխկապակցված որեւէ մեկը:

Փաշինյանը պետք է հասցնի մեկ տարվա ընթացքում`մինչեւ 2026 թվականը, ունեզրկել իր իշխանության հավանական հակառակորդ քաղաքական գործիչներին եւ գործարարներին, բոլոր նրանց, ովքեր կարող են համարձակություն ունենալ դեմ դուրս գալ իր իշխանությանը կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերել իր դեմ դուրս եկող քաղաքական ուժերին: Հավատացեք, եթե հնարավոր լինի երկրում բոլորի սեփականությունը խլել եւ հանձնել ՔՊ-ականներին, ապա ոչ մի դիմադրություն նրանց իշխանության վերարտադրությանը չի լինի: Ճիշտ է` երկրում տնտեսական կոլապս կլինի եւ համատարած աղքատություն` ավելի շատ, քան հիմա կա, բայց նախ վիճվարչությամբ միշտ կարելի է տնտեսական աճ նկարել, եւ երկրորդ` Փաշինյանի համար ո՞ր տարբերակն է ավելի նախընտրելի` իր հսկողության տակ գտնվող տնտեսապես քայքայված եւ աղքատ Հայաստա՞ն, թե՞ իր հսկողությունից ազատագրված երկիր:

«Հրապարակ օրաթերթ»

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։