Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Վարչապետը Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստանում և տարածաշրջանում։
Զրուցակիցները փոխադարձաբար պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը երկկողմ և միջազգային օրակարգերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար։