Մեզ համար, իրոք, ցավ է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարձրագույն սպասավորները գտնվում են բանտում, բայց սա է օրենքի և իրավունքի դիկտատուրան։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա ուժեղ ժողովրդավարական պետություն է, և պետք է չփորձարկեն պետությունը, նրա մեխանիզմները և նրա վճռականությունը։ Ընդ որում նաև արքեպիսկոպոսները, ինչպես բոլորը, իրենց իրավունքները լիարժեք կիրառելու հնարավորություն են ունեցել՝ երթեր ու ցույցեր են արել, հայտարարություններ, բայց պետությունը պարտավոր է հատու արձագանքել, երբ օրենքը և իրավունքը արհամարհվել են, ու Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է գործել այս տրամաբանությամբ։
«Վեհարանը վեհին» նախաձեռնությունը, որի միջնաժամկետ նպատակը Մայր Աթոռը Կտրիճ Ներսիսյանից ազատելն է, առաջին հերթին հոգևոր, ապաքաղաքական օրակարգ է, և այս հարցը կուսակցական, քաղաքական միջավայրում քննարկելու մեծ պատեհություն չկա, բայց այդ թեման ունի նաև պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբություններ, որը հոգևոր օրակարգի հետ և առնչվում է, և չի առնչվում։
Հայ առաքելական եկեղեցին 301 թվականին ստեղծվել է ըստ էության որպես Հայաստանի պետական ինստիտուտ, ստեղծվել է Տրդատ Մեծ արքայի որոշմամբ։ Առիթ ունեցել եմ ասելու, որ Հայ առաքելական եկեղեցին, որ մինչև 372 թվականը և 301 թվականից հետո ընդհանրական եկեղեցու ազդեցության ներքո էր հայտնվել, 372–ին ընդհանրական եկեղեցուց անկախություն է ստացել կրկին պետական որոշմամբ, երբ Պապ թագավորը վերացրել է հայոց եպիսկոպոսապետին Կեսարիայի մետրոպոլության, այսինքն բյուզանդական կայսրության կողմից նշանակելու ավելի վաղ ձևավորված ընթացակարգ։ Պապ թագավորի որոշմամբ եպիսկոպոսապետին սկսել են ընտրել Հայաստանում, այն ժամանակ կաթողիկոս բառը դեռ չի եղել։
Այսինքն, իր ստեղծման առաջին օրերից ու դարերից Հայ առաքելական եկեղեցին եղել է և պիտի լիներ պետական տրամաբանության մեջ գտնվող ինստիտուտ, բայց մեր պատմական դժբախտության բերումով Հայ առաքելական եկեղեցին իր գոյության 1724 տարիների մեծ մասը անցկացրել է հայոց պետականության բացակայության և կամ ծայրահեղ թուլության պայմաններում, և այս հանգամանքներում։ Ավելի հաճախ եղել է որպես կայսերական ինստիտուտ։
Ընդ որում սա չեմ ասում մեղադրական ենթատեքստով։ Տեղի ունեցածը հասկանալի է, որովհետև հայ առաքելական եկեղեցին մեր պետության չգոյության պայմաններում մեր ժողովրդի ձայնն ու շահերը կայսերական ատյաններում բարձրաձայնելու և պաշտպանելու գործառույթ է ունեցել իր կարողությունների և հնարավորությունների սահմաններում այստեղ մեր այստեղ մեր եկեղեցու դերն ու նշանակությունը անգնահատելի է։
Բայց պրոբլեմը հենց այստեղ է, որ ցավոք մեր եկեղեցու, Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդության մի հատված՝ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ շարունակում է մնալ կայսերական տրամաբանության մեջ, թերևս այն պատճառով, որ թրծվել և ձևավորվել են Խորհրդային Միության շրջանում և նրա սրատես հայացքի ներքո։
Բայց սա պրոբլեմի ամբողջ նկարագրությունը չէ, որովհետև դառնությամբ պետք է արձանագրել, որ աթեիստական պետության դաստիարակությունը ստացած մեր մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, անձնապես Կտրիչ Ներսիսյանը, պարզապես չեն հավատում Աստծուն և նրան վերաբերվում են որպես ապրանքային նշանի, որը կարող է լավ վաճառվել սփյուռքահայ տոնավաճառներում»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա պնդեց, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ և պետականակենտրոն ծիրին, ինչը հնարավոր չէ առանց վեհարանը Կտրիչ Ներսիսյանից ազատելու. «Մենք այս օրակարգը պետք է անպայման իրագործենք։ Այլ տարբերակ պարզապես չկա, Կտրից Ներսիսյանը պետք է հեռանա, ինչքան շուտ այնքան լավ։ Պետք է հեռանա կամավոր, առանց ժողովրդական ներգործության, բայց եթե ոչ, ուրեմն կհեռանա ժողովրդական ներգործությամբ։
Ի դեպ, հենց կայսերական տրամաբանությունն է, որ բոլորիս ուշադրությունից դուրս է դրել մի պարզ, բայց էական հանգամանք։ Եկեղեցին հոգևորականները չեն միայն, այլ առաջին հերթին հավատացյալ ժողովուրդը, համայնքը, հոտը, իսկ հոգևորականները միայն ծառայություն են իրականացնում ժողովրդին և Աստծուն։ Խնդիրը հենց այն է, որ Կտրիչ Ներսիսյանը ոչ Աստծուն է ծառայում, որովհետև վստահ է, որ նա պարզապես գոյություն չունի, ոչ ժողովրդին, որովհետև վստահ է, որ նա իշխանություն չունի իր վրա։ Բայց մենք Կտրիչ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա և ժողովուրդն էլ իշխանություն ունի իր վրա։ Ու սա ընդամենը ժամանակի հարց է, նուրբ հարց է, և այստեղ պետք է գործել նրբորեն»,– ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
նա քաջալերեց հայ եկեղեցու այն հոգևորականներին, որոնք ընդունում են այս օրակարգը և պատրաստվում են միանալ դրա իրագործմանը։