Փաշինյանը Կոբախիձեին տեղեկացրել է խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: «ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին այսօր Երևանում կայանալիք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու հրավերն ընդունելու համար:

Երկու երկրների վարչապետները համոզմունք են հայտնել, որ մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում և նշել, որ նման խաղերը նպաստում են հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա կապերի հետագա ամրապնդմանը: Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերի: Վարչապետ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։