Փաշինյանը հրահանգել է մինչեւ աշուն շենքը դատարկել արցախցիներից․ Hraparak

Hraparak.am-ը գրում է․ Նախօրեին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ Կադաստրի կոմիտեի դեմ, պահանջելով անվավեր ճանաչել Երեւանի Ն. Զարյան փողոցի թիվ 17 Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Պարզ ասած՝ Փաշինյանի իշխանությունն ուզում է արցախցիներից խլել Արցախի ներկայացուցչության շենքը, որը սոսկ քաղաքական ուժերի եւ գործիչների հավաքատեղին չէ, այլ կորսված Արցախը հիշեցնող վայր, որը դարձել է արցախցիների հայրենի տունը, եւ դրա գոյությունը հույս է ներշնչում նրանց, որ մի օր վերադառնալու են իրենց հայրենիք։ Սակայն Նիկոլ Փաշինյանը, որ «Արցախ» բառն անգամ թույլ չի տալիս արտաբերել, եւ արդեն քանի տարի միայն «Ղարաբաղ» են գործածում, որ Ալիեւին չբարկացնեն, որոշել է արցախցիների վերջին հույսը ոչնչացնել։

Հայցադիմումը ներկայացնելուց հետո արդեն քանի օր է՝ Արցախի ներկայացուցչությունում բուռն քննարկումներ են ընթանում՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական. ինչպես թույլ չտալ, որ գործընթացն ավարտին հասնի, եւ իշխանությունը չզավթի շենքը։ Բայց Արցախի քաղաքական էլիտան ձախողել է ամեն ինչ, զիջումների գնացել, տապալել Արցախի նախագահի ընտրությունը եւ աջակցել այդ ինստիտուտի դադարեցմանը` ենթարկվելով ՀՀ իշխանությունների շանտաժներին, որ եթե նախագահ ընտրեն, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի բոլոր գործողությունների թիվ մեկ մեղավոր կհռչակեն արցախցիներին։ Հիմա ամենաակտիվ գործիչները զիջողներին հանդիմանում են, որ, այ, այն ժամանակ զիջեցիք, հիմա արդեն շենքն են մեզնից խլում, մեր ընկերոջը` Դավիթ Գալստյանին են անհիմն կալանավորել, որովհետեւ վախկոտները երբեք չեն շահում: Նրանք համոզում են, որ գոնե հիմա պետք է կռիվ տալ ու չհանձնել ներկայացուցչության շենքը։

Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանը հրահանգել է շենքի հետ կապված դատերն արագացված ընթացակարգով անել, որպեսզի մինչեւ աշուն շենքը դատարկեն արցախցիներից։ Նա իր ասուլիսում էլ ասաց, թե դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանին. «Ուղիղ ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանում 2-րդ պետություն լինի, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։