Փաշինյանը` ԵՄ-ին անդամակցելու մասին

«Ամենամեծ մարտահրավերը համարում եմ ՀՀ–ի՝ օբյեկտիվորեն ԵՄ–ի ստանդարտներին համապատասխանելը, որ մենք և՛ կառավարման, և՛ հակակոռուպցիոն պայքարի, և՛ տնտեսության թափանցիկության, և՛ հաշվտեվողականության, և՛ քաղաքացիական հասարակության կոմպոնենտներով համապատասխանենք ԵՄ–ի չափանիշներին»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, կառավարության հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին։

«Կառավարությունն այս նախաձեռնությունը դրական է համարում, այն պատճառով, որ դա լիարժեք համապատասխանում է կառավարության որդեգրած քաղաքականությանը՝ այդ թվում , բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Երբ այդ օրենքը կմտնի ուժի մեջ, մենք մի կարևոր ծառայություն մատուցած կլինենք մեր ժողովրդին։ Ո՞րն է այդ ծառայությունը, որ մենք՝ այդ թվում արտաքին հարաբերությունների ամբողջական «մենյու» առաջարկած կլինենք ՀՀ ժողովրդին, և դա մեզ հնարավորություն կտա մեր քաղաքական կյանքը ավելի քաղաքական դարձնել և բովանդակային քննարկումների վրա ավելի շատ կենտրոնանալ»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ օրենքի ընդունումը չի նշանակում, որ Հայաստանը դառնում է ԵՄ անդամ կամ անդամի թեկնածու։ Փաշինյանն ընդգծեց, որ դա կարևոր քայլ է ՀՀ ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք։

«Մենք բոլորս գիտենք, որ շատ ռիսկեր ունենք, բայց կարծում եմ՝ այս որոշումն այդ ռիսկերից որևէ մեկն ավելի ռիսկային չի դարձնում՝ ընդհակառակը, դրանք դարձնում է ավելի կառավարելի։ Մեզ մեղադրում են նաև նրա համար, որ մենք փորձում ենք մարդկանցից փորձում ենք թաքցնել հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները։ Ես այդպիսի տպավորություն չունեմ, որ մենք տենց միտում ունենք։ Մենք հրապարակայնորեն խոսում ենք ռիսկերի մասին»,–ասաց Փաշինյանը։