ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը դժգոհ է. իրավապահներիից քրգործեր և դատավճիռներ է պահանջում

Արթուր Նահապետյանն այսօր կառավարության նիստում նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե զարմանքով ու զայրույթով է արձանագրել, որ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով հարուցվել են, բայց կարճ տեղեկանք են ստանում պատասխանին, թե ինչ եղավ՝ նախաքննությունը շարունակվում է։

«Կներեք, սա անթույլատրելի է, որովհետև պետք է, ի վերջո, հանրությունը պատասխան ունենա»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն ու ժողովուրդը Հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի ու էական ներդրում են իրականացրել, բայց օպերատիվ չեն։

«Ակնկալում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի, անթույլատրելի է, որ կարող է դեպք լինել, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու քրեական գործի մասին հիշենք 5-ից 12 տարի հետո, պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է»,- ընդգծեց նա։

Վարչապետը նշեց, որ նման իրավիճակ է նաև Քննչական կոմիտեում։

«Կան մեղավորներ, թող համապատասխան ընթացակարգ ապահովվի։ Մենք այն կանխավարկածով չենք, որ գործը գնաց դատարան, պետք է անպայման մեղադրական դատավճռով պսակվի, բայց եթե մեկ-երկու-երեք-չորս ու դա կապվում է նույն քննիչի, նույն դատախազի հետ, պետք է լույս վառվի, որ ինչ-որ բան այնպես չէ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ դատաիրավական համակարգում, հատկապես Հակակոռուպցիոն կոմիտեում, շատ կարևոր աշխատանք կա անելու։