Ես չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել եմ «Արցախը Հայաստան է և վերջ». առիթներ ունեցել եմ իմ այս արտահայտությանը անդրադառնալու, բայց կարծում եմ ամբողջացնելու կարիք կա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչու եմ ուրեմն այսօր խաղաղության բերկրանք ապրելով 2019 թվականին արել այդ հայտարարությունը։ Սա պետք է շատ կոնկրետ պատճառ ու բացատրություն ունենա, և բացատրությունը իրոք շատ կոնկրետ է։ Այդ արտահայտությունը արել եմ մի պարզ պատճառով, հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել։ Իսկ հարց է ծագում, իսկ ինչ է հիմա հայրենասեր չե՞մ, իհարկե հայրենասեր եմ, բայց ավելի թե պակաս հայրենասեր եմ։ Ոչ ավելի, ոչ պակաս, նույնքան հայրենասեր եմ։ Ինչպե՞ս ուրեմն լուծել այս դիլեման, ո՞րն է այս աղաղակող հակասության պատճառը։ Իսկ պատճառը հայրենասիրության մոդելն է, հայրենասիրության բանաձևը, որի մասին խոսել եմ դեռ 2020 թվականին։
Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։ 2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը, ո՞նց է ձևավորվել այդ մոդելը։ Այդ մոդելը խորհրդային կայսրության, իսկ ավելի կոնկրետ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մենք չենք էլ նկատել, որ մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-ից 1980-ական թվականները ձևավորված գրքերի, երգերի, բանաստեղծությունների, կերպարվեստի գործերի ու պիեսների վրա։
Մեր մեծերը, իհարկե, ոչ մի կասկած, մեծ ջանք են դրել ու բազմաթիվ օրգանիկ, մեր ժողովրդի իրական ձգտումների, հույզերի ու զգացմունքների հետ կապված ուղերձներ ձևակերպել այդ գործերում, բայց այդ ամենն, ի վերջո, ուզենք թե չուզենք, ընդունենք, թե չընդունենք, պարփակված է եղել Խորհրդային Միության գլավլիտով։ Գլավլիտը մի կազմակերպություն էր, որը գրաքննում էր բոլոր ելույթները, թերթերի բոլոր հրապարակումները, բոլոր գրքերը, նկարները, ֆիլմերը, ամբողջ բովանդակությունը և այն, ինչ էր անցնում այդ գլավլիտի քավարանով, ինքը չէր հրապարակվում։ Հետևաբար, այդ բոլոր ստեղծագործությունները, որոնց հիման վրա ձևավորվել է հայրենասիրության մեր մոդելը, այդ բոլոր ստեղծագործությունները և խոսույթները ձևավորվել են գլավլիտի պայմաններում, և հետևաբար առնվազն որոշ չափով արտահայտել են կայսրության վարած քաղաքականությունը և կառուցվել են այդ առանցքի շուրջ։
Այս է պատճառը որ անկախության հռչակագրի ընդունման 35 ամյակի առիթով հղած իմ ուղերձում գրել եմ հետևյալը. «Հայրենասիրության այդ մոդելը որը խորհրդային միությունը ձևավորել էր մեզ հայերիս համար արտահայտում էր երկրորդ աշխարհամարտում հաղթած և հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության ԽՍՀ ամբիցիաների հարավ-արևմտյան ուղղությունը։
Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու հայկական ԽՍՀ-ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը Հանրապետության տարածքից, նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար։ Այս գաղափարաբանությունը տասնամյակներով է սերմանվել գրքերի, ֆիլմերի, պիեսների, թատերական ներկայացումների միջոցով, և այսպես ձևավորված մեր սոցիալ հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը։
Մենք բոլորս, ինձնից սկսած և շարունակած մյուսներով, այդ սոցիալ հոգեբանության կրողն էինք։ ԽՍՀ-ն կողմից ձևավորված այդ սոցիալ հոգեբանությունը 90-ականներին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված սերունդներին, և այդ սոցիալ հոգեբանության խորքային և ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինություն էր, որովհետև շրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել»։
Պարզ է, չէ, Հայաստանում օրգանիկ կային հայրենասիրական մղումներ, բնականաբար, և ուժեղ բավականին հայրենասիրական։ Խորհրդային Միությունը համարեց, որ կարելի է հաճելին օգտակարի հետ համատեղել։ Ասվում էր՝ հայրենասեր եք, շատ լավ, ձեր հայրենասիրությունը եկեք ուղղորդենք դուրս, Հայկական ԽՍՀ–ից դուրս, դեպի արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ։ Սա է ամբողջ պատմությունը»,–ասաց նա։