Սարերը դրեք մի կողմ, այսօր կխոսենք բանակի օրվա կապացությամբ: Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս առաջ քաշած Արարատ-Արագած դիսկուրսին ու դրանով պայմանավորված, ՀՀ-ին զենք մատակարարելուն, ասաց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե խորությամբ ընկալեք Փաշինյանի ասածները, այդ հարցերը չեք տա: Հիմա դուք խոսում եք հարցազրույցից վերցրած հատվածային կտորների մասին, բայց մենք եկել ենք այսօր նշենք բանակի 33 ամյակը»,- ասաց նա: Լրագրողի դիտարկմանը՝ արդյո՞ք չի հակասում Փաշինյանի այն հայտարարությունը, որ չպետք է սրբադասել բանակը և Վազգեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ պետք է սրբության սրբոց համարել բանակը, Քոչարյանն ասաց.
«Այո, պետք է հենց այդպես էլ վերաբերվել, եթե այդպես չվերաբերվենք, բանակը չի լինի այնպիսին, որ պաշտպանի մեզ յուրաքանչյուրից»:
Հարցին, այդ դեպքում ինչու չընդդիմացավ, երբ Փաշինյանն ԱԺ-ում անում էր այդ հայտարարությունը, պատգամավորը նշեց.
Ես որտեղ որ պետք է, գտնում եմ տարբերակներ՝ իմ կարծիքը հնչեցնելու:
Քոչարյանի կարծիքով, փոխվել են բանակի առջև դրված խնդիրները:
Բանակը 1994-ից հետո լրիվ այլ վիճակի էր բերված, իսկ վաղվա բանակը պետք է լինի այնպիսին, որ նման խնդիրներ չառաջանան, որ նման խնդիրներ չլինեն, որոնք եղան 44-օրյայի ժամանակ: Մենք պետք է այսօր մտածենք այն խորհուրդի մասին, որն այսօր մեզ բոլորիս բերել է այստեղ։ Հաջողություններն ու անհաջողությունները մեկը մյուսին փոխանցում են, մենք պետք է կառուցենք այն բանակը, որ մեզ կպահի ամուր դիրքերում»,- ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը խոսեց նաև սահմանազատման մասին:
«Ինձ համար ընդունելի է սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի։ Վերջին հաշվով 2024 թվականի ամենաէական, այսպես շոշափելի ձեռքբերումը ո՞րը կարող եք համարել, մենք համարյա չենք կրակել, չէ մեկս մյուսի վրա, բայց ամեն մի խաղաղ օրը մենք ճիշտ ենք, լա՞վ ենք օգտագործել նույն բանակի հիմքերը ավելի ամրացնելու տեսանկյունից, մեկս մյուսին հանդուրժելու տեսանկյունից, չէ: Այսօրվա խորհուրդը միավորող խորհուրդ պետք է լինի, որի հիմքերը դրվել է 90-ականներին: Մենք բանակի հաղթանակների համար պարտական ենք մեր ժողովրդին, բոլորին, որ մեր ժողովուրդը, զրկանքները կրելով, տվեց հնարավորություն, որպեսզի այդ բանակը կերտի հաղթանակներ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: