Պարզվել է Փարաքարի համայնքապետարանում քաղաքացուն ծեծի ենթարկելու մեջ կասկածվող պաշտոնյաների ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնից։ Նշված փաստաթղթերը կազմվել են փետրվարի 24-ին Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետարանի հարակից տարածքում տեղի ունեցած ֆիզիկական ներգործության փաստով։

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 24-ին Փարաքարի համայնքապետարանի շենքում, ապա՝ դրսում, վիճաբանություն է տեղի ունեցել համայնքապետարանի աշխատակիցների և քաղաքացու միջև։

Տեղում Արմավիրի մարզային քրեական վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ քրեական ոստիկանները պարզում են, որ միջադեպին մասնակցություն են ունեցել Փարաքար գյուղի բնակիչ 34-ամյա Էրիկ Ասատրյանը, Թաիրով գյուղի բնակիչ 36-ամյա Հրաչյա Շառոյանը և Փարաքար գյուղի բնակիչ 35-ամյա Արամ Սուքիասյանը։

Վերջիններս կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Փարաքար գյուղի բնակիչ 39-ամյա Էդգար Հովակիմյանի հետ, որի ընթացքում էլ, ըստ օպերատիվ տեղեկությունների, ծեծի են ենթարկել վերջինիս։

Կասկածյալներից Է. Ասատրյանը աշխատում է Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ, Ա. Սուքիասյանը աշխատում է Փարաքարի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տեղակալ-ինժեներ, իսկ Հ. Շառոյանը Փարաքարի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։